Հասարակություն 

Ավազակային հարձակում Արաբկիրում

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից  որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից  Երևան քաղաքում վարձակալած բնակարան և պահանջել գումար՝ սպառնալով  դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել։ Կնոջ հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարել է նրա աջ ձեռքը։ Հափշտակելով կնոջ մոտ առկա գումարը͵ ինչպես նաև նրա կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք  հեռացել են։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,   3-րդ և 4-րդ կետերով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև  առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախնական քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից