Հասարակություն 

Սպանություն Արագածոտնում. դիակի վրա հայտնաբերվել է 17 հրազենային վնասվածք

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի  Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական͵ օպերատիվ-որոնողական  միջոցառումների արդյունքում բացահայտվել է Աշտարակ քաղաքում տեղի ունեցած սպանությունը͵ կասկածյալը ձերբակալվել է։

2017թ. ապրիլի 10-ին ահազանգ է ստացվել͵ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է քաղաքացի Հ.Մովսիսյանի դին՝ 17 հրազենային վնասվածքով։  Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 10 հատ պարկուճ͵ արնանման հետքեր։

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով͵ մշակվել քննչական պլան͵ առաջ քաշվել աշխատանքային վարկածներ͵ որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ գործողություններ։

Արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աշտարակ քաղաքի բնակիչ͵ ծնված 1971թ.։  Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը  վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Հ.Մովսիսյանի հետ͵ որի ժամանակ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Ապա՝ տուժողի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով  դեպքի վայրից դիմել է փախուստի և ուղևորվել Աշտարակ քաղաքի հրապարակի ուղղությամբ, սակայն հրապարակն անցնելուց հետո բախվել է մի քանի ավտոմեքենաների։

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից