Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Դատարանում օր օրի ապացուցվում է Անի Հովհաննիսյանի անմեղությունը. Լիպարիտ Սիմոնյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի ունեցավ Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով հերթական նիստը: Նիստից հետո Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ դատարանն այսօր հարցաքննել է երեք վկայի, որոնցից առաջինը եղել է Analitik.am կայքի գովազդային բաժնի աշխատակից Ինգա Կիրակոսյանը. «Նախ ասեմ, որ հենց Ինգա Կիրակոսյանի ցուցմունքն էր նախաքննական մարմնի կողմից դրվել Անի Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում: Սակայն այսօր վկան շատ հստակ և մանրամասն ներկայացրեց իրականությունը: Մասնավորապես Կիրակոսյանը նշեց, որ աշխատել է Analitik.am կայքի գովազդային բաժնում և իր գործունեության ընթացքում «Սփյուռ» տեղեկատվականից հանել է  հեռախոսահամարներ, զանգահարել տարբեր կազմակերպությունների և գովազդային առաջարկներ արել: Մեղադրող կողմին և դատարանին հետաքրքրեց՝ արդյո՞ք Անի Հովհաննիսյանի կարգադրությամբ է Ինգա Կիրակոսյանը զանգահարել մասնավորապես ՎՏԲ բանկին, վերջինս պատասխանեց՝ ոչ, ՎՏԲ-ն եղել է այն բազմաթիվ կազմակերպություններից մեկը, որոնց ինքը զանգահարել է և գովազդային առաջարկ արել: Այսինքն այստեղ քողարկված շորթման մասին խոսք լինել չի կարող, քանի որ Կիրակոսյանը հատուկ հանձնարություն չի ստացել ՎՏԲ բանկի մասով:

Ինգա Կիրակոսյանը նաև հայտնեց, թե քննիչն իրեն հայտնել է, որ ինքն էլ է կասկածյալ ՎՏԲ բանկի շորթման գործում, սակայն հարցաքննության արձանագրության մեջ չի երևում է, որ վկան հարցաքննվել է որպես կասկածյալ: Թեև նրա նկատմամբ քրեական հետապնդումը հետագայում դադարեցվել է, քանի որ վերջինիս գործողությունների մեջ հանցակազմ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս չեն ներկայացվել իրավունքները, որոնք ունեցել է կասկածյալի կարգավիճակում: Օրինակ նա իրավունք է ունեցել նախաքննության փուլում ցուցմունք չտալ: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝  դատարանում հստակ ֆիքսվեց, որ  Ինգա Կիրակոսյանը ՎՏԲ բանկի մասով հատուկ կարգադրություն չի ստացել Անի Հովհաննիսյանի կողմից և ՎՏԲ զանգահարել է բոլոր կազմակերպությունների հետ միասին»:

Ինչ վերաբերում է երկրորդ վկային, ապա խոսքը վերաբերում է փաստաբան Ռուզաննա Ազրոյանին. «Ազրոյանը հարցաքննվել է փաստաբանական ծառայություն մատուցելու համար: Ցուցմունքի հրապարակումից հայտնի դարձավ, որ Ազրոյանը փաստացի գաղտնալսվել է իր ենթադրյալ ապագա վստահորդի հետ կապված: Խոսքը վերաբերում է ինչ-որ կարծիքների, որոնք հայտնել է Ազրոյանի զրուցակիցը: Սակայն վկան կարծիքի մասով չէ որ գալիս է դատարան հարցաքննվելու, այլ գալիս է իր տեսածի կամ լսածի մասին հարցերին պատասխանելու համար: Ամենաէկանը սակայն այն է, որ այստեղ փաստաբանական գաղտնիքի հրապարակման խնդիր կա: Թեև նրա ցուցմունքով Անի Հովհաննիսյանի մեղադրանքը չի ապացուցվում, այդուհաներձ դա անթույլատրելի է»:

Երրորդ վկան, որին այսօր դատարանը հարցաքննել է, ՎՏԲ  Հայաստան բանկի նախկին աշխատակիցն էր՝ անվտանգության ծառայության պետը. «ՎՏԲ բանկի նախկին աշխատակիցը նշեց, որ իր աշխատելու ընթացքում տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են այդ բանկում առկա ադրբեջանական կապիտալին: Նա տեսականորեն չհերքեց նաև այն փաստը Ադրբեջանը, որը բաժնեմաս ունի ՎՏԲ բանկում, կարող է գոնե մեկ լումա ստանալ այնտեղից: Նրա ցուցմունքով նաև ևս մեկ անգամ հաստատվեց այն, որ ինքը չի հանդիպել Արտակ Գալստյանի հետ և վերջինիս չի առաջարկել գումարի դիմաց դադարեցնել հրապարակումները»:

Մեր թղթակցի այն հարցին, թե ինչ զարգացումներ կան Տիգրան Ուրիխանյանի դրվագով, պարոն Սիմոնյանն ասաց, որ այդ դրվագով վկաները դեռ չեն հարցաքննվել. «Մի բան կարող եմ ասել՝ թեև դատական նիստերը մեծ ինտերվալով են տեղի ունենում, ամեն դեպքում օր օրի ապացուցվում է Անի Հովհաննիսյանի անմեղությունը»:

Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական երրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական չորրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական հինգերորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական վեցերորդ նիստի տեսանյութը

Նույն շարքից