Տնտեսություն 

Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք գտնի. Կարեն Կարապետյան

analitik.am

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք ներկրվող ապրանքները մրցունակ և որակյալ տեղական արտադրանքով փոխարինելու մեր որդեգրած քաղաքականության մասին: Նշվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության նախարարության կողմից ու նաև մեր աշխատանքային այցի արդյունքում առաջարկվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ մեկը հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունն է, մյուսը՝ տեղական սերմնաբուծությունը՝ համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումով և այդ ոլորտի համակարգումով»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ՝ հստակ հաշվարկելով դրանց ներկրվող ապրանքներին փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի համեմատականը: Ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել նաև «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնագետներին: ՀՀ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանում հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրության ուղղությամբ հնարավոր ներդրումային ծրագրի ամբողջական փաթեթ և ըստ անհրաժեշտության կառավարության որոշման նախագիծ: «Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական, շահութաբեր, հասկանալի բիզնես է: Ընթացքում խոսում ենք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք գտնի: Ինչ պայմանավորվել ենք ձեզ հետ վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ, բոլոր այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեն բիզնես բաղադրիչ, քննարկում ենք, որպեսզի կառավարման հանձնենք մասնավորին: Այդ հարցում մենք ձեր կողքին ենք: Դուք ձևակերպեք, կլուծենք», -նշել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հաշվի առնելով ներկայիս շրջանում կենդանիների հնարավոր վարակների և հիվանդությունների ռիսկայնությունը, դրանից ելնելով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների և կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ պետական օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համայնքներում անասնաբույժի հաստիքներ սահմանելու և արյունառման, պատվաստումների աշխատանքներ իրականացնող շարժական խմբեր ստեղծելու վերաբերյալ»:

Նույն շարքից