Հասարակություն 

Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդն հռչակեց Հայոց ցեղասպանության «Հիշատակի օր»

analitik.am

Ապրիլի 18-ին Լոս Անջելեսի շրջանային խորհրդում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում խորհրդի անդամները հռչակեցին Հայոց ցեղասպանության «Հիշատակի օր»: Փաստաթղթի համաձայն՝ ապրիլը ճանաչվեց Հայոց պատմության ամիս: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական - քաղաքական, կրոնական կառույցների անդամներ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ուղղված իր խոսքում նախաձեռնության հեղինակ, կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որպեսզի մարդիկ չմոռանան՝ ինչ է տեղի ունեցել: «Ամեն տարի մենք միանում ենք հայ համայնքին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և կոչ ուղղում Սպիտակ տանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել հարյուր տարի առաջ և շարունակում է կրկնվել՝ տարբեր դրսևորումներով»,- ասել է նա:

Իր ելույթում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը նշեց, որ մինչ օրս ականատես ենք լինում բռնության, անհանդուրժողականության, զանգվածային սպանության և տեղահանության դեպքերի: Տվյալ հանգամանքը հավաստում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը, քանզի հենց անպատժելիությունն է ճանապարհ հարթել դրա կրկնության համար: ՀՀ ներկայացուցիչը նաև ներկայացրեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող նախաձեռնությունները՝ կարևորելով այդ չարիքի դեմ միջազգային հանրության միասնական պայքարի անհրաժեշտությունը:

Նույն շարքից