Մամուլի ակումբ 

Ադամանդը գնահատում են բյուրեղի, հասարակ ցիրկոնի գնով. Մարզահամերգայի համալրի ներկայացուցիչ

analitik.am

Անթույլատրելի է, երբ ադամանդը գնահատում են բյուրեղի, հասարակ ցիրկոնի գնով: Մարզահամերգային համալիրի գնահատման գործընթացն իսկական աբսուրդ է: Այսօր Analitik ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ՄՀՀ-ի արժեքը որոշվել է՝ հիմք ընդունելով Աջափնյակում բնակարանների 1ք/մ արժեքը:

 

«ՄՀՀ-ն բնակարան չէ, որ բնակարանի արժեքով գնահատեն: ԴԱՀԿ-ն իրականում պետք է դիմեր Մշակույթի նախարարություն և կառույցի գնահատումը կատարվեր մասնագիտական միջամտությամբ: Իսկ գնահատումը կատարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանին պատկանող ընկերությունը: Վերջինս էլ, ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի մտերիմ ընկրն եէ»,- ասաց նա:

 

Կորյուն Գրիգորյանի խոսքով, շենքի գնահատողը ՄՀՀ-ում եղել է ընդամենը կես ժամ, լույսերն անջատած վիճակում շրջել այնտեղ, հետո դուրս եկել և գին որոշել, ինչն ուղղակի անթույլատրելի է: «Պատմամշակութային նմուշ հանդիսացող շենքի մեկ ք/մ գնահատվել է մոտ 1200 դոլարի չափով: Բայց Մարզահամերգայինը բնակարան չէ, որի առաստաղի բարձրությունն առավելագույնը  3.20 մ է: ՄՀՀ-ի առաստաղի բարձրությունը 33  մետր է: Բացի այդ, գնահատման ժամանակ ո՞ ւր է մնացել շենքին կից 20 հա տարածքը, որի արժեքը գնի մեջ ներառված չէ»,- ասաց Համալիրի ներկայացուցիչը՝ հավելելով, որ շենքի իրական գինը, իրենց հաշվարկներով, 100-120 մլն դոլար է, իսկ լոտն էլ որպես պատմամշակութային արժեք ներկայացված չէ:

 

Կորյուն Գրիգորյանն աբսուրդ որակեց նաև այն հանգամանքը, որ Մարզահամերգայինի՝ պետությանն ունեցած մոտ 25 մլն դոլար պարտքը պետբյուջեում չի երևում, հետևաբար ստացվում է, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը վճարել է այդ պարտքը: «Ինչ վերաբերում է մեր հետագա գործողություններին, ապա նախ, հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո դիմելու ենք Եվրադատարան, հետո վիճարկելու ենք ԴԱՀԿ գործունեությունը: Այս կառույցն ուղղակի վերածվել է խունտայի և թքած ունի բոլորի վրա: Հիմա ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները հերթափոխում են ՄՀՀ-ում՝ շաբաթ, կիրակի, անգամ երեկոյան 8-ից հետո: Շենքի տարածքում հասարակական զուգարաններ են հայտնվել, ԴԱՀԿ աշխատակիցները գույքն օգտագործում են, ասես իրենց հոր բոստանում լինեն: Ավելին, ԴԱՀԿ-ն սառեցրել է մեր հաշիվները: Մենք հունվար ամսից աշխատավարձ չենք ստացել»,- ասաց նա:

 

 

 

 

 

Նույն շարքից