Հասարակություն 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում

analitik.am

Ապրիլի 24-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողություն, որին ներկա էին բելգիահայ համայնքի հարյուրավոր նեկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դիվանագիտական առաքելությունները՝ ողջ կազմով: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարկոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն: Արարողությանը ներկա էին նաև Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի՝ Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եղեղեցական առաջնորդներ: ՀՀ դեսպանն իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված մեր միասնական ջանքերն իրենց մեծ նպաստն են բերում նաև աշխարհում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում, ինչն այս օրերին առավել մեծ նշանակություն է ստացել հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման ավանդական քաղաքական պայքարն այսօր զուգակցվում է նաև իրավական և մշակութային ուղղությամբ աշխատանքով, վկայակոչելով հայ մեծ բարերար Քըրք Քրքորյանի հովանավորությամբ նկարահանված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության նոր ալիք բարձրացրեց:

Նույն օրը երեկոյան Բլյուսելի «Հայ տանը» տեղի ունեցավ հիշատակի համերգ:

Նույն շարքից