Հասարակություն 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բրազիլիայում

analitik.am

Ապրիլի 21-ից 25-ը Բրազիլիայում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 20-ի Ժապերիի (Ռիո դե Ժանեյրո նահանգ) քաղաքային խորհրդի լիագումար նիստում որոշում կայացվեց համերաշխություն հայտնել հայ ժողովրդին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է, որ ապրիլի 24-ը խորհրդանշում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ իրականացված համակարգային բնաջնջումը, որը հանգեցրեց ավելի քան 1,5 միլիոն զոհերի: Որոշման մեջ նշվում է նաև, որ Բրազիլիայում բնակվող շուրջ 100,000 հայկական ծագում ունեցող բրազիլացիները, որոնց նախնիները ցեղասպանությունից փրկվելու համար ստիպված էին լքել իրենց տները և ապաստան փնտրել Բրազիլիայում, մեծ նպաստ են բերել երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացմանը:

Ապրիլի 24-ին Ժապերիի քաղաքապետ Կարլոս Մորայես Կոստան, հիմք ընդունելով քաղաքային խորհրդի որոշումը, ստորագրեց հրամանագիր, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և ապրիլի 24-ը հռչակվեց սգո և հիշատակի օր:

Նույն օրը Սան Պաուլոյի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Սրբոց նահատակաց պատարագ, իսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ զետեղվեցին ծաղկեպսակներ:

Նույն օրը երեկոյան, պատգամավոր Սելսո Ժիգլիոյի նախաձեռնությամբ, Սան Պաուլոյի նահանգի օրենսդիր մարմնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցեցին նահանգային պատգամավորներ, դիվանագետներ և հայ համայնքային կազմակերպությունների և եկեղեցական հարանվանությունների ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես եկան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ, պատգամավորներ: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, ով ողջունելով ներկաներին, կարևորեց տվյալ միջոցառման նախաձեռնումն ու իրականացումը և վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ գրանցված այս մեծագույն ողբերգությունը խորը ըմբռնում է ստացել բրազիլական հասարակության լայն շրջանակներում: Նա ընդգծեց, որ կատարվածի մասին անհրաժեշտ է միշտ բարձրաձայնել և շարունակաբար պայքարել ժխտողականության դեմ` կանխելու հետագա հնարավոր ցեղասպանությունները:

Ապրիլի 25-ին Սան Պաուլոյում տեղի ունեցավ նաև «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրություն, որին հրավիրված էին ԶԼՄ-ների, ՀԿ-ների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն շարքից