Առողջապահություն 

Քննարկվել են Հայաստանում ճառագայթային բժշկության զարգացման հնարավորությունները

analitik.am

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներ Կարմինա Հիմենեզի և Ելենա Ֆիդարովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Մինչ այդ նախարարությունը նամակով դիմել էր միջազգային հեղինակավոր կազմակերպությանը` ակնկալելով աջակցություն ոլորտի բարելավման գործում։

Կարմինա Հիմենեզը նշել է, որ այդ ուղղությամբ  իրենց աջակցությունն առաջին հերթին կապահովվի ոլորտում իրական կարիքների գնահատումով։ Նշվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետը Հայաստան կգա 3-4 շաբաթից`  տեղում կարիքների ամբողջական գնահատում կատարելու առաքելությամբ։

Քննարկման արդյունքում որոշվել է գնահատումից հետո կազմել աշխատանքային պլան։

«Բարձր տեխնոլոգիաները նոր պահանջներ են դնում նաև բժիշկների առջև»,-ասել է նախարար Ալթունյանը` կարևորելով ոչ միայն սարքավորումների արդիականացումը, այլև մասնագետների վերապատրաստումները։

  ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հորդորել են ուսումնական որևէ հաստատության բազայի վրա ներդնել կրթական ծրագրեր` բժիշկներ, տեխնոլոգներ և լաբորանտներ պատրաստելու համար։

Լևոն Ալթունյանն առաջարկել է 2018-2019թթ. համագործակցության շրջանակում ակտիվացնել աշխատանքները Հայաստանի մասնագիտական ասոցիացիաների և այլ կառույցների հետ` անհրաժեշտության դեպքում ստեղծելով աշխատանքային խումբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարիքների գնահատումից հետո համատեղ մշակել Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման ռազմավարություն։

Նույն շարքից