Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Ես պայքարում եմ, որ լրագրողների համար լուսաբանելու փակ թեմաներ չլինեն. Անի Հովհաննիսյան

analitik.am

Ուղիղ մեկ տարի առաջ իմ նկատմամբ իրավական հետապնդումները, որոնք պայմանավորված են բացառապես իմ լրատվական գործունեության հետ, մտան բացահայտ փուլ: Արդեն մեկ տարի է ինչ ես բանտարկված եմ և արդեն մեկ տարի է ՀՀ իրավապահ համակարգը չի կարողանում որևէ ապացույց, կամ գոնե հիմնավորում հրապարակել իմ բանտարկության վերաբերյալ: Մեկ տարի առաջ այս օրը լուրեր տարածեցին, թե իբր ինձ բերման են ենթարկել, սակայն իրականում ինքս էի եկել ոստիկանություն, քանի որ անհանգստացել էի հանկարծակի անհետացած աշխատողիս ճակատագրով, մեկ տարի առաջ լուրեր տարածվեց, որ իբր ես ընդունել եմ ինձ առաջադրված անհեթեթ ու հիմնազուրկ մեղադրանքը, սակայն անցել է մեկ տարի ինչ ինձ բանտարկել են, ու ես առ այսօր պայքարում եմ իմ արդարացման համար ու չեմ պատրաստվում ընդունել չկատարածս: Մեկ տարի առաջ ինձ վարկաբեկելու նպատակով տարածեցին մի մոնտաժված տեսանյութ՝ փորձելով դա ներկայացնել, որպես իմ կողմից շորթման հիմնավորում, սակայն իրականում տեսանյութը նկարահանողի կողմից նախաձեռնած գովազդի տեղադրման օրինական բանակցություններ էին, այն էլ կարծեմ 3 տարվա վաղեմության բանակցություններ: Մեկ տարի առաջ…

Այս ծիծաղի աստիճան փնթի սարքված քրեական գործի հեղինակների հույսը եղել է այն, որ ես, լինելով երիտասարդ կին, շատ շուտ կկոտրվեմ ու հոնգուր-հոնգուր լացելով կընդունեմ մի բան, որը չեմ արել՝ փորձելով վայրկյան առաջ բանտից դուրս գալ: Իրականում իդեալականին մոտ ծրագիր է:

Ես հիմա ծիծաղում եմ տեսնելով, թե ինչպես է դատարանում փլվում փնթի սարքված քրեական գործը: Անկեղծորեն կասեմ, հեշտ չի եղել դիմադրել և իրենց ձեռնտու ցուցմունքներ տալու դիմաց ընդունել չկատարած հանցանքը և վերջ դնել այս ամբողջ մղձավանջին: Հեշտ չի, բայց ոչ իմ դեպքում… Սակայն, չեն հաշվարկել մի քանի բան, որից ամենագլխավորը իմ կամքի ուժն է:

Շարունակելով անկեղծությունս՝ եթե ինձ վերագրվող արարքին նույնիսկ մոտ որևէ բան արած լինեի միգուցե գլխիկոր կատարեի իրավապահների ցանկություններն ազատությունս կրկին ստանալու խոստումի դիմաց, սակայն չէին հաշվարկվել նաև այն, որ անհնար է ստիպել անմեղ մարդուն ընդունել չկատարած հանցանքը: Ժամանակին նույն մեթոդներով մարդկանց մեղադրում էին տարբեր երկրների լրտեսներ լինելու մեջ և նույնիսկ ստալինյան ռեպրեսիվ մեքենան իր բռնաճնշումների ողջ փնջով անզոր էր լինում մարդու կամքի առաջ:

Ինձ ճիշտ հասկացեք, ես պայքարում եմ ոչ թե իմ, այլ ձեր բոլորի ազատության համար: Ես պայքարում եմ, որ լրագրողների համար լուսաբանելու փակ թեմաներ չլինեն, որ լրագրողը ազատ ու անկաշկանդ անդրադառնա ոչ միայն ադրբեջանական մի քանի կիլոգրամ խնձորի թեմային, այլ առանց բանտարկվելու վախի գրի, որ Հայաստանում կա բանկ, որի միակ սեփականատիրոջ կանոնադրական կապիտալի մեջ ադրբեջանական նավթային ֆոնդը մասնաբաժին ունի:

Անհամբեր սպասում եմ իմ մեղավորությունը հաստատող թեկուզ մեկ ապացույցի հրապարակմանը, իսկ լրատվամիջոցներին կոչ եմ անում հնարավորինս լուսաբանել այս դատաքննությունը: Նկատի չունեմ լուսաբանել հօգուտ ինձ: Ցանկացած կերպ լուսաբանելու դեպքում ճշմարտությունն ինքնուրույն ի հայտ կգա:

Ես թաքցնելու կամ առավել ևս վախենալու այլևս ոչինչ չունեմ: Բանտարկությունը ավելի ուժեղ է ինձ դարձնում ու վերահաստատում իմ ներքին սկզբունքները:

 

Կհանդիպենք մայիսի 4-ին դատարանում…

Ուղիղ 1 տարի շինծու քրեական գործով բանտարկված Անալիտիկ կայքի խմբագիր Անի Հովհաննիսյան:

Նույն շարքից