«Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում

«Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում

Մայիսի 9-ից 14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Մշակութային շաբաթը կազմակերպվել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մշակութային շաբաթվա ընթացքում տեղի ունեցան հայ և ճապոնացի անվանի նկարիչների ցուցահանդեսներ, հայկական երաժշտության երեկո, հայկական ու ճապոնական ավանդական երաժշտական գործիքների կատարումներով համեմված համերգներ, լուսանկարչական ցուցահանդես, դասախոսություններ, մշակութային այլ միջոցառումներ:

Ցուցադրվեցին հայտնի արվեստի գործիչներ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի, Սրբուհի Աբաջյանի, Դեյնա Վոլրաֆի, Ժանսեմի, Ճապոնիայի նկարիչների ընկերության անդամների աշխատանքները:

Մայիսի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի յուրօրինակ արտադրանքը» խորագրով դասախոսությունը, ինչպես նաև «Հայկական երաժշտության երեկո» երաժշտական միջոցառումը, որին մասնակցեցին նաև «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբան, Հայաստանից ժամանած քանոնահար Մերի Մուսինյանը, հանրահայտ սոպրանո Արաքս Մանսուրյանը:

Մայիսի 12-ին տեղի ունեցավ «Հայկական ասեղնագործություն» խորագրով սեմինար, ինչպես նաև «Քանոն+կոտո» համերգ, որին հայկական և ճապոնական երաժշտական կատարումներով հանդես եկան քանոնահար Մերի Մուսինյանը և կոտոիստ Ջունկո Իշիվատան: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով հանդիսատեսներ՝ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, երաժշտասերներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մայիսի 13-ին տեղի ունեցավ «Հայկական գինիներ» միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճաշակելու հայկական արտադրության տարատեսակ գինիներ և հայկական խորտիկներ: