«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Հարցազրույց 

Հարցազրույց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն նախարար» կատեգորիայում

Քվեարկել այստեղ

Ինչպես եք գնահատում  2013 թվականի ՀՀ ներքաղաքական և  արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կո՚րուստներ ունեցավ  Հայաստանը, մասնավորապես Ձեր ղեկավարած ոլորտում։

 

2013-ին  ՀՀ ներքաղաքական և արտաքին  քաղաքական զարգացումները անակնկալներ չունեցան։ Երկիրը շարունակում էր ընթանալ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ստեղծման  ուղղությամբ  ստանձնած պարտավորությունների իրականացման կուրսով և  տարվա բոլոր զարգացումները  բնականորեն տեղավորվում են  վերջիններիս  շրջանակներում։  Չհրաժարվելով եվրոպական մեծ ընտանիքին  անդամագրվելու քաղաքականությունից, Հայաստանը միաժամանակ կարևոր քայլ կատարեց  դեպի Մաքսային միություն, տնտեսական ու քաղաքական ավանդական այն մթնոլորտն ու դաշտը,  ուր երկրի  ազգային շահերն ու անվտանգությունն այս պահին  առավել նպաստավոր արձագանքների են արժանանում։

 Ինչ  մնում է գյուղատնտեսության ոլորտի զարգացումներին,  առանց վարանելու կարելի է ասել, որ 2013-ը  հազվադեպ  արգասաբերներից ու հաջողներից եղավ գյուղի աշխատավորի համար։ Եվ  չնայած եղանակային  անակնկալներին և  բնության քմահաճույքներին, ՀՀ կառավարության կողմից  գյուղում  իրականացվող  աջակցության ծրագրերը լավագույնս ապացուցեցին իրենց  արդյունավետությունն ու կարևորությունը։  Տարվա ամենակարևոր ձեռքբերումը  գյուղատնտեսական արտադրանքի իրացման և արտահանման ծավալների նշանակալի աճն էր։  Առաջընթացի գերազանց ցուցանիշներ գրանցվեցին նաև ոլորտի բոլոր մյուս  ճյուղերում ու բնագավառներում։ Լուրջ քայլ կատարվեց երկրի գյուղատնտեսության հեռանկարային զարգացման ուղղությամբ։ Կայուն նախադրյալներ ստեղծվեցին առաջընթացի շարունակելիության ապահովման համար։

 

Ինչպե՞ս  եք գնահատում Հայաստանում  իշխանություն – հասարակություն կապը, արդյո՞ք Հայաստանում անցնող տարում քաղաքացիական հասարակության կայացման  բնագավառում զարգացում տեղի ունեցավ։

 

Իշխանություն -հասարակություն կապը  անցնող տարում զգալի առաջընթաց ապրեց։ Քաղաքացիական նախաձեռնությունների և  ակտիվիստական շարժումների  աշխուժությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե բնապահպանական ճակատներում  վկայում էր  ժողովրդավարության հաստատման և քաղաքացիական հասարակարգի ստեղծման ուղղությամբ Հայաստանում իրականացվող լուրջ քայլերի մասին։  Դա հատուկ է եվրոպական արժեքների որդեգրման ճանապարհը բռնած զարգացող բոլոր  երկրներին։ Եվ  Հայաստանն այստեղ բացառություն չէ։

 

Ի ՞նչ կմաղթեք գալիք տարում  ՀՀ քաղաքացիներին և  Հայաստանին։

 

Գալիք՝ 2014 թվականին  բոլորիս բարօրություն, կայունություն և  ապահովություն եմ ցանկանում։ Թող  բերքառատ ու խաղաղ, երազանքների իրականացման և  երջանկության, ազգային միասնության և համատեղվող ջանքերի տարի լինի այն: Թող հաղթանակեն  Բարին ու Գեղեցիկը։

 

Նույն շարքից