Տնտեսություն 

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահին

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 29-ին ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները և աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ:

Ալեքսանդր Միշարինն իր հերթին նշեց, որ գնահատում է նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղու» միջև ձևավորված ամուր գործընկերային կապը:

Անդրադառնալով ուղևորափոխադրումներին` Վահան Մարտիրոսյանը հատուկ ընդգծեց սպասարկման որակի բարձրացման կարևորությունը` նշելով, որ խոսքը ոչ միայն վագոնների թարմացման, այլև փոխադրման արագությունը մեծացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին է:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահը ասաց, որ ընկերության աշխատանքի նոր ռազմավարության մշակման ընթացքում նախատեսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ուղևորափոխադրմանը: Ըստ նրա՝ իրենց համար ևս ուղևորների սպասարկման որակի բարձրացումն առաջնահերթ է:

Ալեքսանդր Միշարինը հայտնեց, որ ընկերությունը քննարկում է շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը:

Նա  նախարարին ներկայացրեց ընկերության` նախորդ տարվա աշխատանքներն ու ներդրումային ծրագիրը, ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակի ծրագրերը: Ա. Միշարինը կարևորեց նախկինում հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները` վստահություն հայտնելով, որ այդ աշխատանքը կլինի շարունակական:

Նախարարը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործուն մասնակցությամբ իրականացվող մուլտիմոդալ բեռնափոխադրման պիլոտային ծրագրի հաջող մեկնարկին, ներկայացրեց ձեռք բերված հաջողությունները և հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ զգալի ծավալային աճ կգրանցվի:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ներկայում ամենուր երկաթուղով բեռնափոխադրումների աճի մեծ միտում կա, և կարծում է, որ այդ առումով Հայաստանի` որպես տարանցիկ երկրի, պոտենցիալը շատ բարձր է:

Նույն շարքից