Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է....

Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավականին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը։ Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, եւ ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա։

Կարծում եմ՝ 2-3 շաբաթ անց դրա մասին կմոռանան թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում։ Հրադադարի պահպանման առումով, կարծում եմ, պետք է անցկացվեն տեխնիկական բանակցություններ կողմերի դիրքերի հեռացման, անվտանգության ինչ-որ միջոցառումների մասին, որոնք, ցավոք, չեն կարող մնալ այն մակարդակին, որ, եթե կողմերը մոտեցել են 30 մետր, եկեք նրանց հեռացնենք 90 մետր։

Այդտեղ կարծես ոչ մի քաղաքական հարց չկա, բայց խնդիրն այն է, որ Բաքվի համար, որը հիմա սկսել է բավականին ակտիվ ճնշման քայլեր իրականացնել եւ պատասխան քայլերի դրդել հայկական կողմին, դա դառնում է քաղաքական հարց։ Բաքուն այսօր այնքան էլ հետաքրքրված չէ հակամարտության թուլացմամբ։ Եվ ես լիովին վստահ չեմ, որ դրանում իսկապես հետաքրքրված է Երեւանը»,- «168 ժամ»-ին ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը որեւէ զսպող դեր չունեցավ Բաքվի համար, եւ շփման գծում ամեն օր շարունակում են կրակոցներ հնչել եւ զինվորներ զոհվել։

Ըստ նրա՝ ստատուս-քվոն բավականին բարդ, կայուն, բայց եւ պայթյունավտանգ բան է, որովհետեւ, եթե կողմերից մեկին այն չի գոհացնում, ապա մշտապես ճնշումների ու ռիսկերի կենթարկվի, ինչը որ մենք տեսնում ենք. «Ես կարծում եմ, որ այս ստատուս-քվոն կասկածի տակ կդրվի բավականին հաճախ, տարբեր ուժգնությամբ, երբեմն մենք ականատես կլինենք զանգվածային ճգնաժամի, ինչպես 2016-ի ապրիլին, բայց իրադրության խոշոր փոփոխության որեւէ հեռանկար ես դեռեւս չեմ տեսնում»,- ասել է նա:

Իսկ անդրադառնալով  Հայաստանին եւ Ադրբեջանին Ռուաստանի կողմից սպառազինության մատակարարմանը՝ Վադիմ Դուբնովը նշել է. «Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում եւ կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ։ Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ։

Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկվան միջնորդ է, դա շատ երկիմաստ է եւ դրամատիկ։ Բայց դա կշարունակվի, որովհետեւ բոլոր կողմերը դրանում, այսպես թե այնպես, հետաքրքրված են։

Մոսկվայի դրդապատճառները հասկանալի են, Ադրբեջանն իր փողերի դիմաց ստանում է բավականին ժամանակակից սպառազինություն, իսկ Երեւանը՝ ոչ այնքան մեծ, ռուսական փողերի դիմաց ստանում է գուցե ոչ այնքան ժամանակակից, բայց բավարար քանակով զենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում