Հասարակություն 

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում բացվեց «Եվրոպա» լսարանը

analitik.am

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի,  ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ներկայությամբ բացվեց «Եվրոպա» լսարանը՝ ի գնահատումն դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության ցուցաբերած նշանակալից օժանդակության:

Իր խոսքում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը կարևորեց Դիվանագիտական դպրոցին դրա հիմնադրումից ի վեր Եվրոպական միության ցուցաբերած շարունակական և նշանակալից օժանդակությունը և այդ օժանդակության դերը դիվանագետների նոր սերնդի կրթության գործում:

Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Իր խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն անդրադարձ կատարեց դիվանագիտությանն առնչվող նրբություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ավելի բարդ և պատասխանատու են դարձրել դիվանագետի գործը:

Միջոցառման ավարտին դեսպան Սվիտալսկին Դպրոցի ունկնդիրների առջև հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականութան վերաբերյալ դասախոսությամբ:

Տեղեկանք. Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2010 թվականին: Իր գործունեության սկզբից ի վեր աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից, ինչը վերջին չորս տարիներին իրականացվել է՝ Վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված ընդգրկուն ծրագրի շրջանակում, դպրոցին հնարավորություն տալով առաջնակարգ մասնագետներով իր ունկնդիրների համար ապահովել կրթական բարձրակարգ ծրագրեր, ինչպես նաև ներգրավվել միջազգային մասնագիտական համագործակցության ծրագրերում:

Նույն շարքից