Տնտեսություն 

Կարեն Կարապետյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները

analitik.am

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Վարչապետը բարձր է գնահատել «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը և «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում գազաէներգետիկ ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն վստահելի գործընկեր է, և ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովումը, անխափան գազամատակարարումը, ներդրումային և սոցիալական խոշոր նախագծերը շարունակաբար իրականացվում են «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ:
Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Ընդգծելով, որ «Գազպրոմը» Հայաստանի հուսալի գործընկերն է՝ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ 2017 թ. Հայաստան գազի մատակարարման ծավալներն արձանագրել են համեմատական աճ: «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը հավաստիացրել է, որ «Գազպրոմ»-ը կշարունակի իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ կյանքի կոչելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանը, գազիֆիկացման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև սոցիալական նշանակության նախագծեր:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընթացքին, ներդրումային ծրագրերին, ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի շահագործման աշխատանքներին, բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարության ընթացքին, համատեղ մյուս ծրագրերին և երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի: Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և նոր ծրագրերով սերտացնելու վերաբերյալ:

***

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն, որն ապահովում է ՀՀ ներքին շուկայում բնական գազի մատակարարումը: Ընկերությունը նաև իրականացնում է բնական գազի ներկրում, բաշխում և իրացում, գազափոխադրման համակարգի և ստորգետնյա պահեստ-կայանի վերակառուցումն ու ընդլայնումը հանրապետության տարածքում:
Համաձայն Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր հատակագծի, 2018-2019 թթ. նախատեսվում են Աբովյանի ԳՍՊԿ- ի նոր ճնշակայանի կառուցման, մայրուղային նոր գազատարների կառուցման, գործող մայրուղային գազատարների և գազաբաշխիչ համակարգերի վերանորոգման և ընդլայնման աշխատանքներ:

Նույն շարքից