Գլխավոր Հասարակություն 

Հիմքեր չկան Անի Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդման համար. «Հելսինկյան Ասոցիացիա»

analitik.am

Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանց, խոսելով Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործի մասին, ասաց, որ այդ գործն իրենց ուշադրության կենտրոնում գտնվում է դեռ նախաքննության փուլից, քանի որ վերջինս այն քիչ լրատվամիջոցների ներկայացուցիչներից է, որոնք գրում էին ՎՏԲ բանկի հետ կապված խնդիրների մասին. «Մասնավորապես խոսքը վերաբերում է դրան, որ ՀՀ քաղաքացիների տվյալները հասանելի են դառնում Ադրբեջանին, քանի որ այդ բանկում մասնաբաժին ունի նաև Ադրբեջանը»:

Իրավապաշտպանի խոսքերով, այնքան էլ զարմանալի չէ, որ Անի Հովհաննիսյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին, որովհետև վերոնշյալ բանկի մասով կարծես թե տաբու գոյություն ունի՝ որևէ մեկն իրավունք չունի խոսել այդ բանկի մասին. «Ենթադրում եմ, որ հաջորդը կարող եմ լինել ես, կամ օրինակ մեր կազմակերպությունը»:

«Պետք է ասեմ, որ մենք ակտիվորեն հետևում ենք նաև Անի Հովհաննիսյանի գործով դատավարությանը: Նախ մենք ցանկացանք մեր գործընկեր Լիպարիտ Սիմոնյանի միջոցով իմանալ, թե ինչ կա գործում, ոը կարող է հիմնավորել Անի Հովհաննիսյանի մեղքը կամ անմեղությունը: Ավելի ուշ մեզ համար պարզ դարձավ, որ որևէ հիմք չկա Հովհաննիսյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար: Դրանից հետք մեր կազմակերպությունն, արդեն սեփական հետաքրքրություններից ելնելով, որոշեց կազմակերպել դատական նիստերի մոնիթորինգ՝ հասկանալու համար հիմքերը:

Ինչպես գիտեք, դատավարությունն ավարտվում է և արդեն պարզ է, որ հիմքեր չկան քրեական հետապնդման համար: Դա քիչ է, հիմա էլ տուժող կողմ  Տիգրան Ուրիխանյանը չի ներկայանում դատարան, որպեսզի ցուցմունք տա: Ես գիտեմ, որ առերես հարցաքննություն չի եղել նաև նախաքննության փուլում, ինչը կոպիտ խախտում է:

Ուրիխանյանն ի վերջո պետք է ներկայանա և պատասխանի հարցերին: Պետք չէ մոռանալ նաև վերջինիս ներկայացուցչի՝ դատարանում արած հայտարարությանը, թե ՎՏԲ բանկն օգտագործել է Ուրիխանյանին Անի Հովհաննիսյանի դեմ գործ հարուցելու համար: Պետք է ի վերջո հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, սակայն պատգամավորը դեռ չի բարեհաճում ներկայանալ դատարան»,-ասաց տիկին Կարապետյանցը՝ հիշեցնելով նաև այն մասին, որ կալանավորվելուց հետո Անի Հովհաննիսյանն ութ ամիս հնարավորություն չի ունեցել հանդիպել իր հարազատների հետ, ինչն արտառոց դեպք է և հոգեբանական ճնշման դրսևորում:

Այն ճշտող հարցին, թե արդյո՞ք միտումնավոր չի ներկայանում Ուրիխանյանը դատարան, Կարապոտյանցն ասաց, որ դա մարդուն վատ իրավիճակի մեջ  դնելու շատ տգեղ միջոց է:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք տիկին Կարապետյանցն էլ է այն կարծիքին, որ այս ամբողջ պամության հետևում կանգնած է ՎՏԲ բանկը (Խմբ. Անի Հովհաննիսյանը ոչ մեկ անգամ է նման հայտարարությամբ հանդես եկել) վերջինս ասաց, որ դրանում համոզվել է այն բանից հետո, երբ Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ:

Նույն շարքից