Գլխավոր Հասարակություն 

Դատարանն իրավունք ունի Տիգրան Ուրիխանյանին բերման ենթարկել. Լիպարիտ Սիմոնյան

analitik.am

ՎՏԲ բանկն ու Տիգրան Ուրիխանյանը որոշակի կապ ունեն իրար հետ, որի ապացույցը վերջինիս ներկայացուցչի հայտարարությունն է դատարանում, որ վերոնշյալ բանկն օգտագործել է Տիգրան Ուրիխանյանի բարի համբավն Անի Հավհաննիսյանի դեմ: Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Անալիտիկ լրատվականի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Անդրադառնալով ՎՏԲ բանկի մասին Անալիտիկ լրատվականում կատարված հրապարակումներին՝ պարոն Սիմանյանը հայտարարեց, թե դատական նիստերի ժամանակ այդ բանկի ներկայացուցիչները հաստատել են  հրապարակված տեղեկությունները, որ ՎՏԲ բանկում Ադրբեջանական պետական նավթային ֆոնդը 2,9 տոկոս մասնաբաժին ունի. «Հենց այս հրապարակումներն են նաև հիմք դարձել Անի Հովհաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Սակայն դատական նիստերի ընթացքում հայտնի դարձավ, որ ՎՏԲ բանկի մասով դրվագն առհասարակ գոյություն չունի: Բանն այն է, որ այն անձը, ով զանգել է ՎՏԲ բանկ և գովազդի առաջարկ արել, դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը հատուկ հանձնարություն չի ունեցել այդ բանկ մասով և Սփյուռ տեղեկատվականի միջոցով զանգահարել է մի շարք բանկերի և կազմակերպությունների: Նա նաև հաստատեց, որ Անի Հովհաննիսյանը կոնկրետ այդ բանկ զանգահարելու հետ որևէ կապ չի ունեցել»:

Վերադառնալով Տիգրան Ուրիխանյանի դրվագին՝ Սիմոնյանն ասաց, որ վերջինս իր ցուցմունքներում նշել է, թե Անի Հովհաննիսյանը տարաբնույթ ձևակերպումներով գումար է պահանջել իրենից, սակայն մինչև հիմա պարզ չէ, թե ինչ ասել է «տարաբնույթ ձևակերպումը». «Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ Տիգրան Ուրիխանյանի գործունեությունը լուսաբանել է ոչ միայն Անի Հովհաննիսյանը: Եվս մեկ կարևոր հանգամանք՝ գործում առկա է պայմանագիր, որում խոսվում է Անի Հովհաննիսյանի և Տիգրան Ուրիխանյանի համագործակցության մասին: Այդ պայմանագրում նշված է 300 հազար դրամի մասին, որն էլ իբր Անի Հովհաննիսյանը շորթել է Ուրիխանյանից: Այն, որ Հովհաննիսյանն ու Ուրիխանյանը ՎՏԲ բանկի մասով համագործակցության խնդիր են ունեցել, հաստատել է նաև վերջինիս նախկին օգնական Սարգիս Հարությունյանը՝ դատական նիստերից մեկի ժամանակ»:

Սիմոնյանը նաև խոսեց Ուրիխանյանի ներկայացրած գաղտնի ձայնագրությունների մասին՝ նշելով, որ դրանք արվել են առանց դատարանի որոշման և դրանցում պարզ չէ, թե ինչի մասին է խոսակցությունը, որն ընթանում է Անի Հովհաննիսյանի մասնակցությամբ. «Նույն Սարգիս Հարությունյանն է հերքել՝ հայտարարելով, որ  Անի Հովհաննիսյանը գումարի պահանջ չի ներկայացրել իր հետ զրույցի ժամանակ, և եղել է միայն համագործակցության խնդիր»:

«Արդեն մեկ տարուց ավել է Անի Հովհաննիսյանը գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, Հովհաննիսյանի կալանքի տակ պահելու մասով որոշման համար հիմքերից մեկը եղել է այն, որ նա, ազատության մեջ լինելով, հոդվածներ կհրապարակի: Նշեմ նաև վերջին անգամ կալանքի ժամկետը երկարացնելու որոշման հիմքերից մյուս՝ Կարեն Բաբակեխյանի դրվագն է, որն առհասարակ նախաքննության ընթացքում կարճվել է»,-ասաց դատապաշտպանը՝ հավելելով, որ հիմա դատական նիստերն ուղղակի հետաձգվում են, քանի որ Ուրիխանյանը չի ներկայանում նիստերին. «Ես օբյեկտիվ ցուցմունք են ակնկալում Ուրիխանյանից, բայց նրա կողմից հնարավոր մեղադրական ցուցմունքը կարծում եմ արդեն հերքվել է այլ ապացույցներով»:

Այն հարցին, թե ինչ կլինի, եթե Ուրիխանյանը կրկին չներկայան հերթական նիստին, Սիմոնյանն ասաց, որ քրեական դատավարության օրենսգիրքը որոշակի մեխանիզմներ ունի այդ մասով. «Դատարանն իրավունք ունի Ուրիխանյանին բերման ենթարկել: Մենք չենք հրաժարվելու նրան դատարանում հարցաքննելու պահանջից, առավել ևս որ այսքան ժամանակ առերեսում չի եղել: Իսկ եթե նա չներկայանա, նրա ցուցմունքը կարող է հրապարակվել դատարանում, սակայն այն արդեն չի կարող դրվել մեղադրանքի հիմքում»:

Այն դիտարկմանը, որ Տիգրան Ուրիխանյանը դեռևս նախաքննության արդյունքում մի քանի անգամ նաև ԱԺ-ում հայտարարել է, որ Անի Հովհաննիսյանը շորթող է և այն հարցին, թե ինչ է լինելու այս մասով, եթե հաշվի առնենք, որ մարդկանց մոտ Հովհաննիսյանի մասին արդեն որոշակի կարծիք կա, Սիմոնյանն ասաց, որ այդ մասով քաղաքացիական հայց կա դատարանում և եթե այն բավարարվի նույն միջոցներով հրապարակավ ամեն ինչ պետք է հերքվի:

Նույն շարքից