Քաղաքականություն 

ԱՄՆ-ը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը. Դեն Մուլանի

analitik.am

Հուլիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը։

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը և ՀՀ Նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Երկուստեք կարևորվեց առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

Նույն շարքից