Քաղաքականություն 

Հնարավոր է, որ Պուտինն Ալիևին հասկացնել է տվել իրավիճակի ողջ լրջությունը. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. Մի քանի օր առաջ Սոչիում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման մասին նախօրոք չէր հայտարարվել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հանդիպման մասին տեղեկացրել է, այսպես ասած, վերջին պահին:

Նման «աշխատանքային» հանդիպումների կարիք սովորաբար առաջանում է այն ժամանակ, երբ կա կամ կան լուծման կարոտ կոնկրետ հարցեր, կամ երբ անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակել, կոնկրետ գնահատականներ հնչեցնել: Մի խոսքով, դրանց օրակարգը միշտ կոնկրետ է:

Իսկ ի՞նչ օրակարգ ուներ Պուտին–Ալիեւ հանդիպումը: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն չի եղել: Ենթադրություններ կարելի է անել՝ դատելով նախագահների՝ միմյանց հղած ողջյունի խոսքերից: Ըստ այդմ, քննարկվել են երկկողմ նշանակության խնդիրներ եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր: Ընդ որում, «տարածաշրջանի իրադրությունը բարդ է, եւ բայց հուսով եմ, որ մեր հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիների որոնմանը»,– նշել էր ՌԴ նախագահը:

Պուտինի նշած «բարդ իրադրությունը» վերաբերում է, թերեւս, եւ ԼՂ հակամարտությանը, եւ տարածաշրջանային անվտանգությանն ընդհանրապես: Սկսենք վերջինից: Այսօր առկա է լուրջ վտանգ, որ Մերձավոր արեւելքում իր թափն ու ուժը կորցնող ԻՊ–ը կարող է «տեղափոխվել» Կովկաս: Այս առումով առաջին թիրախային գոտիներից մեկը կարող է դառնալ հենց Ադրբեջանը: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանում տեղի են ունենում ԻՊ–ի հետ կապ ունեցող, տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող անձանց պարբերական ձերբակալություններ:

Բացի այն, որ նրանց համար այդ երկիրը կարող է դառնալ տրանզիտային հնարավոր գոտի, նրանք կարող են ապակայունացնող գործոն դառնալ բուն Ալիեւի վարչակազմի համար՝ անվտանգության ու ապակայունացման լրջագույն սպառնալիք դառնալով թե տարածաշրջանի, թե ներադրբեջանական իրականության համար: Այս առումով Ռուսաստանին, անշուշտ, մտահոգում է ավանդաբար իր վերահսկողության գոտի համարվող ռեգիոնի կայունությունը, որը նաեւ իր սահմանների կայունությունն է:

Իսկ Ալիեւի՝ ԼՂ հարցում վերջին շրջանում վարած քաղաքականությունն ամենեւին էլ այդ կայունությունը պահպանելուն ուղղված չէ: Ուստի հնարավոր է, որ ՌԴ նախագահն Ալիեւին հասկացնել է տվել իրավիճակի ողջ լրջությունը: Բացի այդ, վերջին շրջանում ռուսական մամուլը գրել էր, որ Մոսկվան պատրաստվում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Հայկական կողմը համաձայնել էր՝ դրա հետ առանձնապես մեծ հույսեր չկապելով հանդերձ: Բաքուն նույնպես համաձայնել էր, սակայն նշելով, որ պետք է բանակցությունների հստակ օրակարգ: Այս պահին, սակայն, թե Ռուսաստանի, թե ընդհանրապես Արեւմուտքի համար անհրաժեշտ է պահպանել գոնե «բանակցություններ հանուն բանակցությունների» ֆորմատը՝ շփման գծում լարվածությունը մեղմելու եւ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը չեզոքացնելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից