Վերլուծական 

Ինչու է մարդկանց հուզում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո նորից ակտիվացան Քոչարյանի` մեծ քաղաքականություն  վերադարձի թեմաները: Նման սպասելիքների պատճառը ոչ միայն այն է, որ մարդիկ Քոչարյանի կառավարման տարիներին ավելի բարեկեցիկ էին ապրում կամ տնտեսական աճ կար և այսպես շարունակ, կա նաև մեկ այլ պատճառ, որը նույնպես կարևոր է, սակայն կարծես թե ուշադրության չարժանացած:

 


Ի տարբերություն Սերժ Սարգսյանի` Ռոբերտ Քոչարյանը կուսակցական չէր, ինչի արդյունքում նա կարողանում էր հավասարակշռել քաղաքական ուժերը` իշխանական թևն իր տեղն ուներ քաղաքականության մեջ, իսկ ընդդիմադիրն էլ` իր տեղը: Քաղաքական դաշտի մոնոպոլիզացիա որպես այդպիսին չկար, իհարկե չենք կարող ասել, որ ընդդիմությունը գործում էր բացարձակ ազատության պայմաններում, բայց այն գոյություն ուներ և փաստացի գործում էր` ամեն դեպքում ունենալով տվյալ ժամանակահատվածի համար անհրաժեշտ չափով ազատություն: Քոչարյանի կառավարման տարիներին քաղաքական լճացում չկար, քանզի չունեինք միակուսակցական իշխանություն, որտեղ բոլոր նախարարությունները, բոլոր պաշտոնները կզբաղեցնեին միայն մի կուսակցության ներկայացուցիչները: Քաղաքական գաղափարների, առաջարկների և  պահանջների պակաս էլ չկար, քանզի, ինչպես նշեցինք, կար ընդդիմություն:


Ի՞նչ կատարվեց 2008թ-ից հետո:


Կատարված բոլոր քաղաքական իրադարձություններին մանրամասն չանդրադառնալով, ուղղակի արձանագրենք հիմնական փոփոխությունները.

Երկրի նախագահ դարձած Սերժ Սարգսյանը միանգամից ձեռնամուխ եղավ ՀՀԿ-ի քարոզչությանը, ինչի արդյունքում շատ կարճ ժամանակ անց այդ կուսակցությունն ուղղակի ոչնչացրեց ՀՀ-ի ողջ քաղաքական կապիտալը` անգամ Արտաշես Գեղամյան, Վիկտոր Դալլաքյան և այլոք, ովքեր հայտնի էին իրենց ընդդիմադիր կեցվածքով, շատ կարճ ժամանակ անց գնվեցին ՀՀԿ-ի կողմից:

 

Հաջորդ քայլը եղավ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի և Ժառանգության (հիշում ենք հայտնի մոմավառությունը` չենք կարող չասել, որ մարդասիրական գործիք էր) մնացած կուսակցությունների փոշիացումը, որը, ինչքան էլ դաժան լինի, սակայն պետք է խոստովանենք, որ հաջողվեց ՀՀԿ-ին: ՀՅԴ-ն կարծես թե մնաց, բայց արդեն դե յուրե, նույնը վերաբերում է ԲՀԿ-ին, որն էլ իր հերթին, ունենալով հզորագույն ռեսուրսներ, չկարողացավ կոնկրետ քայլերի դիմել` գուցե Քոչարյանի քաղաքական ապագայի անորոշությունից ելնելով կամ քաղաքական դաշտի լճացումից կամ էլ մեկ այլ պատճառով: Էականը սա չէ, այլ այն, որ գրեթե բոլոր կուսակցությունները փաստացի անգործության մատնվեցին` բացառությամբ մի քանի միտինգների, ցույցերի, ելույթների, որոնք վերջին հաշվով որևէ էական նշանակություն չունեն և որևէ հարց չլուծեցին, բացի Մաշտոցի պուրակից, որն, ինչպես հասկացանք, ուղղակի կազմակերպվել էր Տարոն Մարգարյանին որպես քաղաքական գործիչ թուլացնելու համար` նորից ՀՀԿ որոշ հատվածի կողմից: Ինչպես գիտենք ՀՀԿ-ն էլ իր ներսում մի քանի խմբավորումներ ունի, որոնք շատ դեպքերում միմյանց հետ ավելի կատաղի պայքար են մղում, քան ընդդիմությունը կմղեր:

Քաղաքական ոլորտի լճացմանը հաջորդեց կադրային լճացումը, ինչի արդյունքում անգամ  ՀՀԿ երիտթևի նախագահի պաշտոնում շարունակում է ղեկավարել Կարեն Ավագյանը, ով վաղուց դուրս է եկել երիտասարդների ցուցակից, ԱԺ նախագահ է դառնում Գալուստ Սահակյանը, քանզի այլ, ավելի քիչ  կռվահարույց թեկնածու ՀՀԿ-ն ուղղակի չուներ, խոստացված արմատական փոփոխությունները վերաբերեցին միայն Հովիկ Աբրահամյանին և որոշ նախարարությունների, ինչն էլ ոչ թե փոփոխություն էր, այլ տեղափոխություն:

 


Երկրի քաղաքական աղքատությունն անգամ քաղաքականությամբ չհետաքրքրվող քաղաքացիներն են զգում, քանզի ՀՀԿ-ացումն այնպիսի համատարած բնույթ կրեց և կրում է, որ այսպես շարունակվելու դեպքում պարզվելու է, որ անգամ կաթողիկոսն է ՀՀԿ-ական`դե յուրե, այլ ոչ դե ֆակտո, քանզի երկրորդ տարբերակը հիմա էլ վիճահարույց է:


Սերժ Սարգսյանն այս տարիների ընթացքում այնքան տարվեց ՀՀԿ հզորացմամբ, որ մարդիկ սկսեցին համոզվել, որ ոչ թե ՀՀԿ-ն է աշխատում պետության համար, այլ պետությունը` ՀՀԿ-ի:



Այսքանից հետո, երբ Քոչարյանի յուրաքանչյուր, թեկուզ շատ թեթև հարցազրույցից հետո, գրեթե բոլորը միմյանց հարցնում են` ի՞նչ եք կարծում, Քոչարյանը կվերադառնա, թե ոչ, պետք չէ զարմանալ, քանզի բոլոր առավելություններն ու թերությունները մի կողմ դրած, մարդիկ քաղաքական ակտիվություն էին զգում, կուսակցական խտրականություն, քաղաքական մոնոպոլիզացիա չկար: Իհարկե, սա միակ պատճառը չէ, սակայն այն նույնպես բավականին ծանրակշիռ է, քանզի քաղաքականությունն ինչքան էլ լրջագույն զբաղմունք լինի, որոշակի ընդհանրություններ ունի թատրոնի հետ, իսկ մարդիկ չեն կարող տաս տարի շարունակ նույն դերասաններին նույն ներկայացման մեջ և նույն բեմում տեսնել, առավել ևս, երբ այդ դերասանները չափից դուրս վատ են խաղում ու բեմի վրայից սոված հասարակության վրա իրենց ճաշակած ուտելիքների ոսկորներն անգամ չեն շպրտում:

 


Հ.Գ. Քաղաքական ակտիվության մասով գուցե հակադարձեն, թե բա պայքարները, ցույցերը  և այլն, բայց ասեք տեսնեմ` ի՞նչ եղան դրանք, ի՞նչ արդյունքի հասան, ո՞ւր են հիմա այն երիտասարդները, ովքեր  վերջում պարզվեց, որ պայքարում էին ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակի, այլ ուղղակի Տիգրան Սարգսյանի դեմ և փաստորեն պարտադիր բառի դեմ էր պայքար մղվում և այսպես շարունակ… Բացի ՀՀԿ ներքին հարցերը կարգավորելու համար մղված պայքարից, ուրիշ ի՞նչ ենք ունեցել, որն արդյունք է տվել, հասարակության համար էական հարց է լուծել…


Հ.Գ. 1 Այս ամենով հարդերձ, Ռոբերտ  Քոչարյանի` որպես ՀՀ նախագահ, վերադարձն այս պահին և այս իրավիճակում այդքան էլ իրատեսական չէ և գուցե լավագույն տարբերակն էլ չէ:  


Ն. Ա. 

Նույն շարքից