Վերլուծական 

Ո՞ւմ պատժեց Եվրոպան

analitik.am

Վերջին շրջանում բազմաթիվ վերլուծաբաններ անդրադարձան նրան, որ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ավելի շատ վնասում են եվրոպական երկրներին, քան Ռուսաստանին: Չէ՞ որ պատժամիջոցների արդյունքում կրճատվեց արտահանումը դեպի Ռուսաստան, ինչը բավականին լուրջ վնաս հասցրեց  եվրոպական երկրների տնտեսություններին:

 

Վերջերս հայտնի դարձավ, որ Բրյուսելը հետաձգել է ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկարացնելու գործընթացը: Պատժամիջոցները պաշտոնապես երկարացնելու գործընթացի համար ԵՄ-ին խանգարում են մի շարք  տարաձայնություններ:

 

Նախ՝ եվրոպական ոչ բոլոր 28 երկրներին է ձեռնտու ՌԴ-ին «պատժելը», ավելի շուտ իրենք իրենց պատժելը՝  Ավսրիան, Հունաստանը, Սլովակիան, Հունգարիան, Իսպանիան դեմ են պատժամիջոցների երկարացմանը, և նրանց համոզելը բավականին բարդ է:   Գուցե  հենց այս պատճառով էլ պատժամիջոցները իներցիայով երկարացվեցին, առանց ընդհանուր քաղաքական որոշման ընդունման, և ամենայն հավանականության,  պատժամիջոցները կկիրառվեն մինչև 2015-ի հունիսը, երբ  էլ կկայանա ԵՄ գագաթաժողովը, որտեղ արդեն պարզ կլինի երկրներից որն ինչ դիրքորոշում ունի պատժամիջոցների ժամկետի երկարացման հետ կապված:

 

ԵՄ պաշտոնակատարներն էլ իրենց հերթին  նշեցին, որ 2014թ-ի մարտին սահմանված պատժամիջոցները կկիրառվեն այնքան  ժամանակ, մինչև կիրագործվեն մինսկյան պայմանավորվածությունները:  Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքերով պատժամիջոցների կիրառման ժամկետը կախված է մինսկյան համաձայնագրերի կատարումից: Տուսկը նաև նշել է, որ երկարացման նախատեսվող շրջանը մինչև  2015-ի վերջն է:  


Ի՞նչ են մտածում եվրոպական երկրների պատասխանատու այրերը պատժամիջոցների մասին. 


Անգելա Մերկելի կարծիքով  ՌԴ-ն պատժամիջոցներից ազատվելու հնարավորություն ուներ՝ Ուկրաինայի ամբողջականության վերականգնումը: Ակնհայտ է, որ խոսքն այստեղ Ղրիմին է վերաբերում: Այս տեսակետն է կիսում նաև Վաշինգտոնը, որը Պսակիի  շուրթերով հայտարարեց այն մասին, որ պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ կկիրառվեն այնքան ժամանակ, մինչև Մոսկվան վերադարձնի Ղրիմը:  2013-ին Գերմանիա-Ռուսաստան  ապրանքաշրջանառությունը  կազմել է  76,5 մլրդ եվրո, իսկ պատժամիջոցների կիրառման արդյունքում այն իջել է մինչև  70 մլրդ եվրոյի:

 

Դոնալդ Տուսկը՝ լեհական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ այսօր ԵՄ անդամների կեսից ավելին պահանջում են պատժամիջոցների մեղմացում՝ Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Հունգարիան, Ավստրիան, Սլովակիան հրապարակավ հայտարարել են, որ չեն էլ ուզում մտածել պատժամիջոցների մասին, քանի որ արդեն իսկ բավականին տնտեսական խնդիրներ են կուտակվել:

 

Ֆրանսիան դեռևս չի միացել պատժամիջոցներին ընդդիմացողներին, սակայն հավանականություն կա, որ Օլանդը հաշվի կառնի ժողովրդի տրամադրվածությունը:


Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալոն հայտարարեց, որ ԵՄ վնասը պատժամիջոցների արդյունքում կազմել է   21մլրդ դոլար:  


Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսն էլ նշել է, որ նախկինում Հունաստանի գյուղատնտեսական ընդհանուր արտադրանքի  70%-ն արտահանվում էր ռուսական շուկա, և Հունաստանն այժմ ցանկանում է ԵՄ-ից վնասի փոխհատուցում ստանալ:

 

 
Ավստրիայի արտաքին առևտրի Կազմակերպության ղեկավար Ուոլտեր Կորենն էլ ավստրիական բիզնեսի կորուստը գնահատեց 2,98 մլրդ. դոլար: Ավստրիայի համար պատժամիջոցներն արժեցան նաև մոտ 45 հազար աշխատատեղի կորուստ:

 

Իտալական ընկերությունները կորցրել են ավելի քան 20 մլրդ եվրո:

 

Եվրոպական երկրները կորուստներ կունենան նաև տուրիզմի մասով, քանզի ռուս տուրիստները բավականին նպաստում էին տուրիզմից եկող գումարների ավելացմանը Իտալիայում, Կիպրոսում և Իսպանիայում:

 

Պատժամիջոցներին կողմ են եվրոպական մի քանի երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Սկանդինավյան և Բալթյան երկրները: Լեհաստանը, սակայն, մեծապես տուժեց ՌԴ պատասխան պատժամիջոցների արդյունքում՝ լեհ գյուղատնտեսները կորցրեցին մոտ  500 մլն դոլար՝ պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքի պատճառով: 2013թ-ին Լեհաստանը Ռուսաստան էր  արտահանել  841 մլն եվրոյի ապրանք (գյուղատնտեսական ապրանքների արտահանման 80%-ի չափով):

 

Լիտվան պատժամիջոցների արդյունքում կարող է ունենալ ՀՆԱ-յի 0,4% -ի չափով կորուստ, Լատվիան՝  0,2%-ի չափով, իսկ Էստոնիայի տնտեսությունը  անկում կգրանցի 0,35%-ի չափով:

Այս ամենով հանդերձ Էստոնիայի նախագահ Տումաս Հենրիկ Իլվեսը հայտարարեց. «Ուկրաինայի ճգնաժամը վերաբերում է ոչ թե մի պետության, այլ բոլոր եվրոպական երկրների անվտանգությանը: Ուտիև Եվրոպան պետք է վճռականություն ցուցաբերի, եթե պատժամիջոցներ չկիրառենք, ապա ի՞նչ անենք»:

 


Թե ինչքան կշարունակվի Եվրոպայի պատժամիջոցների քաղաքականությունը դեռ հայտնի չէ, սակայն հունիսին արդեն պարզ կլինի եվրոպական երկրների դիրքորոշումն այս կապակցությամբ: Եվրոպական մի շարք երկրներ հնարավոր է, որ այլևս չկարողանան համակերպվել  անկում գրանցող  տնտեսության հետ, ինչի պատճառով էլ հենց ԵՄ-ի ներսում կարող են խնդիրներ առաջանալ: Արդյոք եվրոպական երկրները պատրաստ են Վաշինգտոնի քաղաքական շահերի համար զոհաբերել սեփական երկրի տնտեսական առաջընթացն ու բարեկեցությունը, դժվար է ասել, բայց մի բան փաստ է, որ Եվրոպան սկսել է ակտիվորեն խորացնել Չինաստանի հետ համագործակցությունը:  Ինչը միանշանակ չի կարող դուր գալ Վաշինգտոնին:


Կարծում ենք, որ  Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունների  առաջին լուրջ հակասության արձագանքն իրեն երկար սպասել չի տա: 

 

Նույն շարքից