Քաղաքականություն 

Քննարկվել են Երևանի և Տալլինի միջև համագործակցության հետ կապված հարցեր

analitik.am

Էստոնիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի և Տալլինի քաղաքապետարանների ներկայացուցիչների հանդիպում-քննարկում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը, ողջունելով Տալլինի քաղաքապետարանի քարտուղար Թոմաս Սեպպի գլխավորած պատվիրակության անդամներին, համառոտ ներկայացրել է Երևան քաղաքի կառավարման ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ու զարգացումները՝ ընդգծելով, որ այս հարցում հատուկ ուշադրություն է դարձվում ծառայությունների որակի բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը: Առանձնակի կարևորելով այս հարցում միջազգային հաջողված փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը` Արթուր Կարապետյանը նաև նշել է, որ պարբերաբար փորձի փոխանակումներ են կազմակերպվում Երևանի քույր և գործընկեր քաղաքների քաղաքապետարանների միջև՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է նման համագործակցության համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Տալլինի քաղաքապետարանի քարտուղար, Տալլինի զարգացման և փորձի կենտրոնի գործադիր խորհրդի նախագահ Թոմաս Սեպպն էլ իր հերթին նշել է, որ երկու քաղաքների ներկայացուցիչների հանդիպումը լավ հնարավորություն է տարածքային կառավարման բարեփոխումների, մունիցիպալ ծառայությունների և քաղաքային տնտեսությանն առնչվող այլ հարցերի շուրջ փորձի փոխանակման համար: Նա նաև վստահեցրել է, որ Էստոնիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունները ևս պատրաստակամ են Երևանի քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության՝ խորացնելով և ամրապնդելով երկուստեք կապերը:
Հանդիպման շրջանակում երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել ըստ ոլորտների քննարկել համագործակցության խորացման հնարավորություններն ու ուղղությունները:

Նույն շարքից