Հասարակություն 

Թեման շատ ավելի լուրջ է ... Նիկոլ Փաշինյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստան-Սփյուռք համաժողովին մեր չմասնակցության հարցը ոմանք փորձում են վերածել մեկ հրավիրատոմսի ոդիսականի։ Մինչդեռ թեման շատ ավելի լուրջ է, ու քանի որ պարզվում է, որ մանրամասնելու անհրաժեշտություն կա, ուրեմն մանրամասնենք։

1. Իրադարձությունը կոչվում է Հայաստան-Սփյուռք համաժողով։ ԵԼՔ դաշինքը Հայաստանի երրորդ քաղաքական ուժն է, խորհրդարանական ուժ ու չնայած սրան՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի նախապատրաստական աշխատանքներին որեւէ կերպ ներգրավված չի եղել, այդ աշխատանքների մասին տեղեկացված չի եղել, օրակարգի եւ այլ հարցերի վերաբերյալ առաջարկներ անելու ձեւաչափերում աշխատելու հրավեր չի ունեցել։

2. ԵԼՔ-ի որեւէ ներկայացուցչի չի առաջարկվել համաժողովում հանդես գալ զեկուցմամբ եւ ներկայացնել դաշինքի տեսակետները Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ։

3. Համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել դաշինքի երեք քաղաքական ուժերից ոչ մեկը, համաժողովի մեկնարկին նախորդած աշխատանքային վերջին օրվա վերջում հրավեր ստացել է միայն ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավարը, հրավեր չի ստացել ԱԺ ԵԼՔ խմբակցության որեւէ այլ պատգամավոր, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության որեւէ ներկայացուցիչ։

4. ՀՀԿ գործադիր մարմնի բոլոր անդամները համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել․ արդյունքում ԱԺ-ից համաժողովին հրավիրված անձանց 80 տոկոսը եղել են ՀՀԿ անդամներ, կառավարությունից համաժողովին հրավիրվածների 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ, կուսակցական մասով հրավիրված անձանց 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ, ՏԻՄ մարմիններից հրավիրվածների 80 տոկոսը եղել են ՀՀԿ-ականներ։

Այսպիսով՝ միջոցառումը, որ անվանում են Հայաստան-Սփյուռք համաժողով, ավելի ճիշտ կլիներ անվանել ՀՀԿ-Սփյուռք համաժողով։

Ինչպես արտաքին քաղաքական եւ ներքաղաքական բոլոր հարցերի՝ այդ թվում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ ԵԼՔ դաշինքը ունի իր ասելիքը եւ չի կարող նմանօրինակ որեւէ միջոցառման մասնակցել մասովկա-դիտորդի դերում։

Ի դեպ, Համաժողովի բացումից եւ ֆեյսբուքյան իմ էջի գրառումից հետո ինձ է զանգահարել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ասել, որ Արամ Սարգսյանին, Էդմոն Մարուքյանին եւ ինձ հրավիրում է համաժողովին։ Նույն օրը երեկոյան, պայմանավորվածության համաձայն, sms հաղորդագրության միջոցով ես նախարարից հետաքրքրվել եմ, թե համաժողովում իր ասելիքը ասելու ի՞նչ ձեւաչափ է առաջարկվում ԵԼՔ դաշինքին․ մինչեւ օրս պատասխան չեմ ստացել։

Հ․Գ․ Ինձ ուղարկված հրավիրատոմսում գրված է․ Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Ուշադրություն դարձրեք՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Աժ-ում իրականացված փոքրիկ քննությունը պարզեց, որ հրավիրատոմսը մեր խմբակցության դռնից ներս չէր կարող ավելի շուտ մուտք գործած լինել, քան սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսը։ Այսինքն՝ ուզենայի էլ՝ չէի կարող մինչեւ սեպտեմբերի 15-ը հաստատել իմ մասնակցությունը, որովհետեւ սրա համար նախատեսված վերջին ժամկետը լրացել էր իմ հրավիրատոմս ստանալուց առնվազն 16 ժամ առաջ։

Նույն շարքից