Հասարակություն 

Երևանի պատվիրակությունը մասնակցել է Ստեփանակերտի օրվա և անվանակոչման 94-ամյակի միջոցառումներին

analitik.am

Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքի օրվա և անվանակոչման 94-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պաշտոնատար այլ անձանց հետ հարգանքի տուրք է մատուցել Ստեփան Շահումյանի հուշարձանին, այնուհետ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով Ստեփանակերտի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Դավիթ Օհանյանը կարևորել է երկու մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև սերտ համագործակցությունը՝ վստահեցնելով, որ այն լինելու է շարունակական:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին այցելել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Արցախի մայրաքաղաքում կառուցվող Ազատամարտիկների այգու շինարարական հրապարակ և ծանոթացել տարվող աշխատանքների ընթացքին:
Երևանյան պատվիրակությունը մասնակցել է նաև սանդա-ուշու մրցաշարի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Նույն շարքից