Գլխավոր Հասարակություն 

Եթե Անի Հովհաննիսյանի գործը հասնի Եվրոպական դատարան, Հայաստանը հերթական անգամ կպարտվի. Մանե Թանդիլյան

analitik.am

«Պատահական չէ, որ լրագրողների կողմից այս թեման մի տեսակ անուշադրության է մատնվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Անալիտիկ» լրատվականի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործին՝ հավելելով, որ իր անհանգստության պատճառներից մեկն էլ հենց այն, որ լրագրողները պատշաճ կերպով չլուսաբանեցին այս գործը, որը ուղիղ հարված է ազատ խոսքին և մամուլին:

Տիկին Թանդիլյանը նշեց, որ պատահաբար է ծանոթացել գործին ապա՝ նաև մանրամասներին. «Պետք է ասեմ, որ ինձ ծայրահեղ անհանգստացրել են այս գործում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պատճառները: Իրականությունն այն է, որ ՀՀ-ում կալանքը շատ հաճախ է կիրառվում որպես խափանման միջոց, այնինչ Եվրոպական դատարանը գտնում է, որ այդ խափանման միջոցը միայն ծայրահեղ դեպքում պետք է կիրառվի: Այս դեպքում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և հետագայում դրա ժամկետը երկարաձգելու հիմքը ևս շատ մտահոգիչ է: Խոսքը վերաբերում է պատճառաբանությանը, որ ազատության մեջ գտնվելով, Անի Հովհաննիսյանը կարող էր հրապարակումներ անել: Այսինքն՝ անձը կարող է կալանքի տակ գտնվել իր մասնագիտական գործունեությունը ծավալելու համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր լրագրողի նկատմամբ կալանքը կարող է  որպես խափանման միջոց կիրառվել: Սա կարող է լինել նախադեպ»:

Բանախոսի խոսքով՝ սա խիստ վտանգավոր է. « Ըստ էության, ես չտեսա որևէ առաջարկ, որ կալանքը կարող է վերացվել այն դեպքում, եթե ինչ-ինչ հրապարակումներ չարվեն: Այս պարագայում ինձ համար հասկանալի է դառնում, որ կալանքը ընտրվել է արդեն որպես պատիժ, ինչն անհանգստացնում է: Սա հետագայում կարող է կիրառվել յուրաքանչյուր լրագրողի նկատմամբ և սա հարված է մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ինչը ճգնաժամ է ապրում ամբողջ աշխարհում:

Մենք մեր չափով պետք է մեր տեղում լինենք մարդու իրավունքների պաշտպանության հարցում և մեր չափով նպաստենք այդ գործին: Անի Հովհաննիսյանի գործով, մասնավորապես, կարծում եմ, որ գործ ունենք ազատ խոսքը սահմանափակելու փորձի հետ: Եվրոպական դատարաններում օրինակներ կան, որ մարդկանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվում նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս կատարել են հանցագործություն, իսկ այս դեպքում անձին կալանքի տակ են պահում, երբ հենց վերջինս է ներկայացել իրավապահներին, այսինքն՝ հիմքեր չեն եղել կարծելու, որ նա կխուսափի դատավարությունից»:

Տիկին Թանդիլյանի կարծիքով, գործը խիստ հետաքրքրական է և եթե այն հասնի Եվրոպական դատարան, Հայաստանը հերթական պարտությունը կկրի. «Ես կուզենայի, որ հենց Հայաստանում պատշաճ վճիռ կայացվեր, ինչով ՀՀ-ն կազատվեր ևս մեկ պարտված գործից: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այս տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության կղզյակը: Ես կցանկանայի, որ լրագրողների աշխատանքը չխոչընդոտվեր մեր երկրում, ինչով մենք կտարբերվեինք մեր հարևան թշնամական երկրներից»:

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով առկա խնդրի մասին խոսել է նաև խորհրդարանում՝ հավելելով, որ այն չի կարող կիրառվել հիմքերով, որոնք բերվեցին Անի Հովհաննիսյանի դեպքում, քանի որ դա հարված է ազատ խոսքին:

Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյո՞ք եզրակացնել, որ ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունն աշխատեց, եթե հաշվի առնենք այն, որ այս գործում լրագրողներն ու իրավապաշտպանները համեմատաբար պասիվ էին, Թանդիլյանն ասաց, որ իր մասնակցությունը թող լինի հոռետեսությունը փարատելու հանգամանք. «Ես հասկանում եմ, որ կան շահեր, բայց ես հույս ունեմ, որ իմ մասնակցությունը կնվազեցնի հոռետեսությունը: Նման դեպքերն անտեսելով՝ մենք վտանգում ենք  խոսքի ազատությունը, մեր պետություն, մեր պետական շահը: Ես իմ մասնակցությամբ ուզում եմ մեսիջ հղել այն մարդկանց, կառույցներին, ովքեր նպատակային են լռում և նրանց, ովքեր ուղղակի չեն լուսաբանում»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, նշեց՝ արդարության համար պետք է ասել, որ մի շարք լրատվամիջոցներ և իրավապաշտպաններ խոսել են այս գործի մասին՝ որպես օրինակ հիշատակելով դատական նիստերին և ասուլիսներին ներկա լրագրողներին և իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպիսիք  են «Հելսինկյան Ասոցիացիա»-ն կամ՝ «Վելես»-ը:

Ասուլիսն ամբողջությամբ`

 

 

Նույն շարքից