Գլխավոր Հասարակություն 

Նրանք, ովքեր հետևել են նիստերին, համոզվել են, որ Անի Հովհաննիսյանը շորթող չէ. Դատապաշտպան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ վերջինիս կալանքի տակ պահելու գործն արդեն գտնվում է Եվրոպական դատարանում՝ հիշեցնելով, որ կալանքի մասին որոշումը կայացվելիս, հիմքերից մեկը եղել է այն, որ Հովհաննիսյանն ազատության մեջ գտնվելու ընթացքում կարող է հրապարակումներ անել և ազդել քննության վրա. «Գիտե՞ք, մարդը կալանքի տակ գտնվելու ընթացքում էլ կարող է հրապարակումներ անել, այդ հնարավորություններից Անի Հովհաննիսյանը զրկված չի եղել: Այստեղ ևս մեկը խնդիր կա: Մեր քրեական օրենսգրքում չկա խոսք այն մասին, որ մարդուն կարող են կալանքի տակ պահել, որպեսզի վերջինս հրապարակումներ չկատարի: Այս դեպքում հասկանալի է, որ սա ուղղված է լրագրողական գործունեության դեմ: Այսինքն՝ դու կարող ես հայտնվել անազատության մեջ, եթե ինչ-ինչ հրապարակումներ ես կատարել»:

Պարոն Սիմոնյանը ևս մեկ հետաքրքիր փաստի մասին խոսեց: Խոսքն այս դեպքում վերաբերում է վերջին անգամ Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացնելուն: Նա նշեց, որ որոշման հիմքերից մեկը եղել է Կարեն Բաբակեխյանի գործով վկաների ցուցմունքները, այնինչ այդ ժամանակ այդ գործն արդեն կարճված է եղել. «Սա ցույց է տալիս, որ իրականում Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանքը որպես պատժի տարր է կիրառվել, որը մեր Քրեական դատավարության օրենսգրքով արգելվում է»:

Բանախոսը խոսեց նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցում սոցիալական ասպեկտի մասին՝ նշելով, որ այդ ընթացքում քաղաքացու վրա հարկատուների հաշվին գումարներ են ծախսվում, այնինչ հնարավորություն կա գրավ կիրառել, և այդ գումարը նույնիսկ շրջանառութան մեջ դնել: Ինչ վերաբերում է մտավախությանը, թե անձը կարող է խուսափել քննությունից, ապա դա ևս օրենքով նախատեսված է՝ այդ գումարն ուղղակի կմնա պետության: Ճիշտ է այդ գումարի մի մասը ծախսվելու է այդ մարդուն գտնելու համար, սակայն ոչ ամբողջությամբ է այն ծախսվելու:

Դատապաշտպանը հիշեցրեց, որ դատավարության ամբողջ ընթացքը եղել է թափանցիկ, դատական նիստերն ամբողջությամբ նկարահանվել են և հրապարակվել Analitik.am կայքում, և նրանք, ովքեր հետևել են նիստերին, համոզվել են, որ Հովհաննիսյանը շորթող չէ:

Անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ Սիմոնյանն ասաց, որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում և հույս հայտնեց, որ այդ ատյանում արդարացի դատական ակտ կկայացվի, և Անի Հովհաննիսյանը կարդարացվի նաև Տիգրան Ուրիխանյանի գործի մասով: Իսկ եթե դա չլինի, իրենք Հայաստանում բոլոր հնարավորությունները սպառելուց հետո դիմել են Եվրոպական դատարան:

Այն հարցին, թե ինչ հույսեր կան Վերաքննիչի մասով՝ դատապաշտպանն ասաց, որ ամիսներ առաջ էլ հարց էր հնչում, թե ինչ հույսեր կան, իսկ ժամանակը ցույց տվեց, որ հույսերը 50 տոկոսով արդարացվեցին և ՎՏԲ-ի դրվագով Անի Հովհաննիսյանն անմեղ ճանաչվեց:

Նույն շարքից