Քաղաքականություն 

Նման համաժողովներն ավելի կամրապնդեն օտար հողում ապրող փոքր ազգերի բարեկամությունը. Ա. Ավանեսյան

analitik.am

Հայաստան-Ուկրաինա միջմշակութային երկխոսության շրջանակներում Խարկով քաղաքում տեղի ունեցավ  Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների արտագնա համաժողով, որը նախաձեռել էր հայկական ներկայացուցչությունը՝ ի դեմս Աշոտ Ավանեսյանի: Ներկա էին Ուկրաինայում ապրող հայկական, թաթարական, գերմանական, գնչուական եւ այլ փոքր ազգերի ներկայացուցիչներ, Ուկրաինայի կառավարության անդամներ, մշակութային գործիչներ:

Ուկրաինայի հայկական «Կոնգրեսի» նախագահ եւ Ազգային փոքրամասնությունների ռադայի նախագահ Աշոտ Ավանեսյանի հրավերով հայաստանյան պատվիրակությունը նույնպես ներկա գտնվեց միջոցառմանը, ակտիվ մասնակցություն ունեցավ կրթական, մշակութային, միջհամայնքային խնդիրների քննարկման, հանդես եկավ առաջարկություններով: Պատվիրակության կազմում էին ՀՀ Աժ պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Ալիկ Սարգսյանը, հասարակական կազմակերպությունների եւ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը, ով կարեւորելով հայ-ուկրաինական բարեկամությունը, ընդգծեց, որ երկու երկրների միջեւ եղբայրական հարաբերությունները պատմական են եւ համոզմունք հայտնեց, որ դիվանագիտական հարաբերությունները հենց այդ համատեքստում էլ կառուցվում են:

Հայաստանի ԱԺ հայ-ուկրաինական  բարեկամական խմբի անդամ Կարինե Աճեմյանը  նկատում է, որ   այս համաժողովների անցկացումը  համախմբում  է  նաև հայերին։ Նրանք հավաքվում են մի սեղանի շուրջ, քննարկում համայնքի խնդիրները: «Ուկրաինայում ապրում է  500 000-ից ավելի հայ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունենում այս երկիր զարգացման եւ առաջընթացի գործում: Մենք կարևորում ենք գործընկերային համագործակցության խթանումը և պատրաստակամ ենք հետևողական աշխատանքներ տանել՝ Ուկրաինայի հետ փոխգործակցությունն առավել գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ»,- ելույթի իր հատվածում ընդգծեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով բարեկամական կապերի և համագործակցության Ուկրաինական կողմի եւ հայկական «Կոնգրեսի» պատրաստակամությունը՝ Աժ պատգամավոր Կարինե Աճեմյանը ընդգծեց, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Կիեւի միջև առավել առարկայական փոխգործակցություն ծավալվի:

Ի պատասխան հայկական պատվիրակության Ուկրաինայի մշակույթի նախարարության ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Վլադիմիր Խոդորկովսկին եւս կարեւորեց հայ-ուկրաինական սերտ համագործակցությունը եւ մատնանշեց, որ ուկրաինական օրենսդրությունը հարմարեցված է այդ երկրում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչների իրավունքների պահպանմանը հետ:

Ամփոփելով համաժողովի արդյունքները հայկական «Կոնգրեսի» նախագահ եւ Ազգային փոքրամասնությունների ռադայի նախագահ Աշոտ Ավանեսյանը հույս հայտնեց, որ միջոցառման ընթացքում բարձրացված հարցերը իրենց արձագանքը կունենան համապատասխան կառույցների կողմից, եւ ավելի կամրապնդեն օտար հողում ապրող փոքր ազգերի բարեկամությունը:

Համաժողովը եզրափակվեց պատվոգրերի հանձնման արարողությամբ եւ համերգային միջոցառմամբ:

Գոհար Մարտիրոսյան

 

 

Նույն շարքից