Հասարակություն 

Աղետների ռիսկի նվազեցումը պետք է հաշվի առնել ցանկացած ներդում անելիս

analitik.am

Հոկտեմբերի 12-ին Երևանում աշխատանքը շարունակեց «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ և այլ երկրների օրենսդիր ու գործադիր իշխանությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման փորձագետներ:

Աշխատանքային 2-րդ օրը համաժողովն իր ներկայությամբ պատվել էր ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոն: Ողջունելով մասնակիցներին՝ նա մասնավորապես ասաց.

- ԱՌՆ միջազգային օրվա հիմնական խորհուրդը մարդկանց իրազեկվածության բարձրացումն է՝ վստահ լինելու համար, որ նրանք տեղյակ են իրենց շուրջ եղած ռիսկերին և դրանց նվազեցման միջոցներին: Աղետների ու դրանց հետևանքով կրած կորուստների օրեցօր մեծացող թիվը ստիպում է մեզ միավորել աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերը՝ մեր երկրների դիմակայությունը բարձրացնելու և երեխաների համար ապահով ապագա կառուցելու համար: Յուրաքանչյուր ներդրում անելուց առաջ՝ լինի դա երկրի զարգացման ծրագիր, թե ավտոմեքենայի կամ բնակարանի ձեռքբերում, պետք է աչքի առաջ ունենալ աղետների ռիսկերի նվազեցումը:

Հաջորդիվ ելույթներով հանդես եկան Սերբիայի, Մակեդոնիայի, Վրաստանի ու Ղազախստանի արտակարգ իրավիճակներին արձագանքող պետական մարմինների ղեկավար կազմի և ՄԱԶԾ ներկայացուցիչներ՝ ներկայացնելով ԱՌՆ ոլորտում իրենց երկրների փորձը, իրականացվող աշխատանքները և խնդիրները, որոնց բախվել են այդ ճանապարհին:

Համաժողովի հերթական նիստի թեման էր «Ռիսկի ըմբռնման և ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման կարողությունների զարգացումը»: Նիստի բանախոսների զեկույցները վերաբերում էին երկրների կարողությունների և տարբեր մակարդակներում ռիսկի գնահատմանը, մոդելավորման գործիքներին և տարածաշրջանային գործընկերությանը՝ գիտության ոլորտում:

Համաժողովի վերջին նիստը վերաբերում է ԱՌՆ և Կլիմայի փոփոխություններին հարմարվողականության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների նորարարություններին և Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման համակարգմանը՝ մշտադիտարկման և գնահատման միջոցով:

Հոկտեմբերի 13-ին համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց արդյունքում նախատեսվում է մշակել առաջարկությունների փաթեթ:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը: Աջակցող գործընկերներն են՝

• ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակ (UNISDR)
• ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF)
• Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչություն (DG ECHO)
• Ասիական տեխնոլոգիայի ինստիտուտ
• «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն
• Երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության «Օքսիջեն» հիմնադրամ
• Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա
• Հայկական կարմիր խաչի ընկերություն

Նույն շարքից