Հասարակություն 

ՀՀ ԱԻՆ-ը և ՄԱԿ –ի եվրոպական տարածաշրջանի գրասենյակը միասին կաշխատեն աղետների կանխարգելման ուղղությամբ

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման, աղետների հետևանքների վերացման մեխանիզմների և մեթոդաբանության կատարելագործման հնարավորությունները՝ կիրառելով այս բնագավառում եվրոպական լավագույն փորձը:

Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ պետության համար ավելի քիչ ծախսատար, բայց և ավելի արդյունավետ է գումար ներդնել աղետների կանխարգելման գործընթացում, քան աղետից հետո վերացնել վերջինիս հետևանքները: Այս համատեքստում կողմերը կարևորեցին հոկտեմբերի 13-ին «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ազգային ժողովում կայանալիք լսումները՝ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով: Սա կարող է հաջողված սկիզբ դառնալ աղետների կանխարգելման մշակույթը նաև օրենսդրական դաշտում ձևավորելու համար:

Կողմերը քննարկեցին նաև աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը տարածաշրջանային և պետական մակարդակներից համայնքային մակարդակներում ներդնելու հիմնախնդիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր համայնքի համար կենսականորեն անհրաժեշտ է ունենալ աղետների ռիսկերի նվազեցման սեփական մարտավարությունը:

Բարձր գնահատելով Հայաստանի փորձն աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ Պաոլա Ալբրիտոն նշեց, որ տարածաշրջանային մակարդակում Հայաստանն այս հարցում, անշուշտ, առաջատարներից է:

Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավարն այցելեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության գործառույթներին:

Նույն շարքից