Հասարակություն 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամների հետ

analitik.am

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար:

«Երևանն այսօր փոխշահավետ համագործակցություն է իրականացնում ինչպես մայրաքաղաք Փարիզի, այնպես էլ ֆրանսիական մի շարք քաղաքների հետ: Այս համատեքստում գործընկերային լավ հարաբերություններ են հաստատված նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի և Առնուվիլ քաղաքի միջև: Այս հարցում, անշուշտ, իրենց կարևոր ներդրումն ունեն նաև մեր հայրենակիցները, և ուրախ եմ, որ պատվիրակության կազմում Առնուվիլի հայ համայնքի ներկայացուցիչները ևս ընդգրկված են»,- նշել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ հյուրերը հաճելի ժամանակ կանցկացնեն ջերմ և հյուրընկալ Երևանում՝ մասնակցելով տոնական միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանը, ի դեմս Տարոն Մարգարյանի, շնորհավորել է բոլոր երևանցիներին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ և նկատել, որ շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող Երևանն իրոք շատ ջերմ ու հյուրընկալ քաղաք է:
«Պարոն քաղաքապետ, շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքում, որն արդեն 2799 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ, և մենք, հաշվի առնելով նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին՝ այդ գործում ներդնելով նաև հայ համայնքի ներուժը», - նշել է Նեկտար Բալյանը՝ հավելելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով և, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:
Հանդիպման շրջանակում, օգտվելով առիթից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան և դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

Նույն շարքից