Առողջապահություն 

Գրիպի սեզոնին ընդառաջ

analitik.am

Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության և սոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչներ:

Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաև անասնաբույժներ: Նրանց մասնակցության անհրաժեշտությունը բխել է զոոնոզ գրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է թե՛ թռչունների, թե՛ մարդկանց շրջանում։

Ներկայացվել են զեկույցներ ինչպես հանրապետությունում 2016-2017թթ. գրիպի սեզոնի իրավիճակի, այնպես էլ` միջազգային նորությունների հիման վրա 2017-2018թթ. գրիպի սեզոնի նախապատրաստական և իրականացվելիք աշխատանքների մասին:

Գրիպի 2016-2017 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները քննարկելիս վերհանվել են նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրները և հիմնահարցերը։ Նախանշվել են հնարավոր լուծումներ՝ 2017-2018 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար:

Քննարկվել են նաև գրիպի դետքային համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր:

Ներկայացվել է արդեն իսկ գործող գրիպի համաճարակաբանական և լաբորատոր հսկողության էլեկտրոնային բազան, որի հիման վրա, որպես գլոբալ ձեռքբերում, տրամադրվել է գրիպի շաբաթական տեղեկագիրը: Այն հետագայում թույլ կտա «իրական ժամանակում» հիվանդացության շեմերի, հիվանդացության ծանրության և ակտիվության համաճարակաբանական համապատասխան վերլուծություններ իրականացնել:

Զեկույցներ են ներկայացվել նաև անասնաբուժական ոլորտի մասնագետների կողմից՝ կենդանիների, մասնավորապես՝ թռչունների շրջանում իրականացվող անասնահամաճարակաբանական հսկողության վերաբերյալ:

Նշենք, որ ԱՀԿ-ի կանխատեսումներով այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։ Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառում:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։

Նույն շարքից