Տնտեսություն 

Քննարկվել են իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները

analitik.am
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունեց «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։
Նախարարը, ողջունելով իտալացի գործարարների այցը Հայաստան, հույս հայտնեց, որ արդյունավետ համագործակցություն կձևավորվի։
«Էլիտալիանա» ընկերության մասնագետները նախարարին ներկայացրին ընկերության գործունեության շրջանակները։ Նշվեց, որ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։
Սկզբնական շրջանում գործունեություն են ծավալել տարբեր բնագավառներում, իսկ 1980-ական թվականներից սկսած՝  մասնագիտացել են տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում: Ընդգծվեց արտադրված տեխնիկայի բարձր որակը, որը հաստատված է համապատասխան հավաստագրերով։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու կողմերի  մասնագետների մասնակցությամբ մշակել հնարավոր համագործակցության ծրագիր և այն առավել մանրակրկիտ քննարկել  հաջորդ հանդիպման ընթացքում։

Նույն շարքից