Կորեական ընկերությունը Հայաստան գալու մտադրություն ունի

Կորեական ընկերությունը Հայաստան գալու մտադրություն ունի

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է բիոտեխնոլոգիական դեղերի արտադրության «GL RAPHA» կորեական ընկերության ղեկավար Ջա Գան Վհանգի ղեկավարած պատվիրակությանը` հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության տնօրեն Կորյուն Կարապետյանի ուղեկցությամբ։

Կորեացի գործարարը նախարարին տեղեկացրել է, որ աշխարհի տարբեր երկրներում ներկայացված իրենց ընկերությունը ցանկություն ունի հայկական «Աստերիա» դեղագործական ընկերության հետ համատեղ բիոտեխնոլոգիական դեղերի և պատվաստանյութերի արտադրություն կազմակերպել Հայաստանում։ Նշվել է, որ անհրաժեշտ տեխնոլոգիաները կտրամադրի կորեական ընկերությունը։

Ողջունելով հյուրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ նախարարությունը հնարավոր ամեն ինչ կանի ծրագրի իրականացմանն աջակցելու համար։  Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բիոտեխնոլոգիական դեղերը տարածաշրջանի այլ երկրներ արտահանելու համամր։

Լևոն Ալթունյանն առաջարկել է ունենալ ճանապարհային քարտեզ, որպեսզի նախարարությունը ժամանակին կատարի իր քայլերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման տեխնիկական և կազմակերպական մի շարք հարցեր։

Նշենք, որ բիոտեխնոլոգիական դեղերը քիմիական բաղադրություն չունեն։ Դրանք պատրաստվում են մարդու օրգանիզմի կենսանյութերով, կիրառվում են ուռուցքաբանական և մի շարք այլ հիվանդությունների, ինչպես նաև փոխպատվաստումների դեպքերում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը և նախարարի խորհրդական Արա Պետրոսյանը։