Ամենաընթերցվածներ Գլխավոր Հարցազրույց Մամուլի տեսություն 

Որոշ փակագծեր կբացեմ, որոնք միջազգային սկանդալ կառաջացնեն. Անի Հովհաննիսյան

analitik.am

1.5 տարի բանտում անցկացրած «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը, ով մի քանի օր առաջ է, ինչ ազատ է արձակվել, հայտարարում է, որ շարունակելու է պայքարը: Այս մասին <<Հայկական ժամանակ>>-ին տված իր  հարցազրույցում ասել է Անի Հովհաննիսյանը

-1.5 տարի այնտեղ ինչո՞վ եք զբաղվել:

- Ես այդ ժամանակը ծախսել եմ  իմ ինքնազարգացման վրա,  օտար լեզուներ եմ սովորել, մի շարք գիտական ուղղություններ ուսումնասիրել՝ մասնավորապես տնտեսագիտական, ատենախոսությանս վրա եմ աշխատել, բավականին հետաքրքիր գրքեր կարդացել:

Հիմա  արդեն ազատության մեջ ինչո՞վ եք զբաղվելուշարունակելո՞ւ եք ձերլրագրողական գործունեությունը:

- Նախ՝ առաջին հերթին ես պայքարելու եմ իմ արդարացման համար: Հայաստանում բոլոր ներպետական ատյանները սպառելուց հետո ՄԻԵԴ-ում եմ շարունակելու պայքարս: Իմ կալանավորման հենց առաջին օրվանից ես հայտարարել եմ, որ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական հաշվեհարդար՝  տարբեր կառույցների կողմից, քանի որ  իրենց ոչ դուրեկան թեմայի եմ անդրադարձել: Ես պայքարելու եմ ոչ միայն իմ անձի համար, այլ նաեւ նրա համար, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ զգա իրեն անվտանգ, մասնավորապես՝ այն մարդիկ, որոնք աշխատում են լրատվական ոլորտում: Փաստացի ստեղծվեց մի վտանգավոր նախադեպ, համաձայն որի յուրաքանչյուր լրատվամիջոցի խմբագիր, սեփականատեր կամ ուղղակի լրագրող կարող է հայտնվել իմ կարգավիճակում: Ստեղծվեց նախադեպ, որ եթե տվյալ լրատվամիջոցն անդրադառնում է ինչ-որ բարձրաստիճան մարդկանց կամ կառույցների ոչ ցանկալի թեմաների, ապա լրատվամիջոցի սովորական համագործակցության պայմանագիրը կարող են դարձնել քրեական հանցագործություն եւ բանտ ուղարկել իրենց ոչ ցանկալի ԶԼՄ-ի խմբագրին կամ լրագրողին։ Վերջին հաշվով, ես եւ Տիգրան Ուրիխանյանը համագործակցության մասին պայմանագիր ունեինք, պայմանավորվածություն ունեինք, այսինքն՝ դա իրավաչափ համագործակցություն էր: Բայց ստացվեց այնպես, որ կարող է  այդ կազմակերպությունը, կամ անձը ուղղակի հաղորդում տալ եւ այդ կերպ լրատվամիջոցին լռեցնելու համար խմբագրին տանեն բանտ:

Շարունակելու եմ իմ լրագրողական գործունեությունը: Նշեմ նաեւ, որ ինձ հետ կապ են հաստատել միջազգային որոշ լրատվամիջոցներ, որոնց հետաքրքիր է այս թեման, քանի որ այստեղ խոսքը գնում է լուրջ հարցի մասին, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին՝ այլ առհասարակ մամուլի ազատությանը: Որոշ ժամանակ անց ես որոշակի փակագծեր կբացեմ եւ կարծում եմ, որ դա կարող է տալ միջազգային սկանդալի առիթ: Ես ի սկզբանե միշտ ասել եմ, որ չեմ ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ կերպ վարկաբեկվի միջազգային հարթակներում, քանի որ արդեն այն երեւույթը, որ մամուլի նկատմամբ անօրինական ճնշումներ են գործադրվում՝ վատ է: Կարծում եմ՝ պետք է պայքարել եւ հասնել նրան, որ ոչ թե նման երեւույթների մասին մենք չխոսենք, այլ հակառակը՝ նման երեւույթներ լինելու դեպքում պայքարենք եւ հասնենք նրան, որ այլեւս դրանք չկրկնվեն: Բնականաբար, ես զբաղվելու եմ նաեւ այն հարցերով, որպեսզի այս խնդրի առջեւ չհայտնվեն այլ լրատվամիջոցներ, պայքարելու եմ նրա համար, որպեսզի իմ դեպքը նախադեպ չդառնա եւ կանխվի այս արատավոր պրակտիկայի շարունակումը:

Շարունակությունն՝ այստեղ։

Նույն շարքից