Այդ պատգամավորն արդեն դարձել է համընդհանուր ծիծաղի ու զզվանքի առարկա

Այդ պատգամավորն արդեն դարձել է համընդհանուր ծիծաղի ու զզվանքի առարկա

Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին.

Հարգելի պարոն Ծառուկյան,
Ձեր անունը կրող դաշինքում իր գործունեությունն է ծավալում մի պատգամավոր, ով պատմության մեջ է մտել, որպես լրագրողուհու մասնագիտական գործունեության դեմ պատվերով կեղծ հաղորդում և ցուցմունք տված առաջին մարդ: Այդ պատգամավորի զրպարտչական ցուցմունքների, մոնտաժված գաղտնաձայնագրումների ու կեղծ հաղորդում ներկայացնելու նկատմամբ սերը անհատակ է: Այդ պատգամավորն արդեն իսկ դարձել է համընդհանուր ծիծաղի ու զզվանքի առարկա: Նման խարանը երբեք չի ջնջվում: Այն դաջվածքի նման ցմահ մնալու է նրա ճակատին՝ իր հերթին խարանելով բոլոր նրանց, ովքեր նման մարդուն կարող են համարել գործընկեր կամ բարեկամ:
Քրեական օրենսգիրքը հստակ հոդված է նախանշում այդպիսի ստոր արարքի համար, ինչին կամաց-կամաց մոտենում ենք, սակայն բացի քրեական օրենսգրքից գոյություն ունի նաև այլ կոդեքս՝ մարդու և քաղաքացու կոդեքսը:
18 ամիս ապօրինի բանտարկվելուց հետո իմ կյանքի նպատակն է դարձել մաքրել մեր հասարակությունը նման կեղտից ու հատկապես այդպիսի կեղտի հովանավորներից: Այդ առումով իմ հետևողականությանը որևէ մեկին խորհուրդ չէի տա կասկածի տակ առնել։
Ինչևէ, լավատեսաբար փորձում եմ հավատալ, որ Ձեր երկաթյա արժեհամակարգը ոչ թե քարոզչական հնարք է, այլ ապրելակերպ, և Դուք որպես ուժեղ արժեհամակարգի կրող համակարծիք կլինեք ինձ հետ այս առանցքային հարցում: Լավատեսաբար փորձում եմ հավատալ, որ Դուք նույնպես դատապարտում եք հանուն մանդատի ու փողի ամեն ինչի ընդունակ մարդկային տականքին: Լավատեսորեն փորձում եմ հավատալ, որ Դուք այնքան եք կարևորում Ձեր բարի անունն ու համբավը, որքան ես ու կցանկանաք հեռու մնալ այդպիսի սողուններից: Ես սպասում եմ ձեր կողմից գործուն քայլերի, որոնք կապացուցեն «Մեր խոսքը գործ է» կարգախոսի ճշմարտությունն ի օգուտ գործի, որովհետև եթե հանկարծ պարզվի, որ իմ լավատեսությունն անհիմն էր, ես իրավունք կստանամ համարելու, որ իմ նշածս սողունը գործել ու գործում է Ձեր գիտությամբ և բարձր հովանավորությամբ և հետևաբար իմ հետագա բոլոր գործողությունները կիրականացնեմ հենց այդ տրամաբանության շրջանակում, դրանից բխող բոլոր հետևանքներով:
Լավ եղեք պարոն Ծառուկյան և վերջում կցանկանայի բացատրել, թե ինչու եմ ընտրել Ձեզ դիմելու հրապարակային եղանակը, որովհետև այս հարցի շուրջ չեմ ընդունում կուլուարային քչփչոցների ու պայմանավորվածությունների ձևաչափը: Սա այլևս իմ կյանքի գլխավոր հարցն է և այս հարցի շուրջ ես պատրաստ չեմ որևէ զիջման կամ թաքուն պայմանավորվածության, ուստի որևէ բան չեմ պատրաստվում թաքցնել հասարակությունից: Ամբողջ գործընթացը լինելու է բաց և հրապարակային: