Արցախի նախագահը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր 2018 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Ըստ հրամանագրի` 2018 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2018 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: