Տնտեսություն 

Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2018թ. պետական բյուջեի նախագիծը

analitik.am

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում նոյեմբերի 15-ին մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթն ու նշել, որ 2018 թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային շեշտադրումները, որոնք բխում են Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի դրույթներից, նպատակադրված են լինելու միջնաժամկետում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը:

Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ նախատեսվում է ապահովել 8% տնտեսական աճ, կայուն գների մակարդակ, իսկ գալիք տարվա պետական բյուջեում, սոցիական ծրագրերին զուգահեռ, հատուկ կաևորություն է տրվելու վերաբնակեցման նպատակով  բնակարանաշինությանը:

Այսպիսով, Արցախի Հանրապետության 2018թ. համախմբված պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 97 մլրդ 104 մլն դրամ, ծախսերի գծով՝ 101 մլրդ 404 մլն դրամ, դեֆիցիտը՝ 4 մլրդ 299 մլն դրամ:

Պետական նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վերաբերյալ և պատգամավորների հնչեցրած հարցերին, նշելով, որ գործադիրի համար առաջնային է երկարաժամկետ տնտեսական կայուն աճի հիմքերի ստեղծումը: Պետնախարարն ընդգծել է, որ գալիք տարում ամենաբարձր տեսակարար կշիռը նախատեսվում է ունենալ գյուղատնտեսության, էներգետիկայի և վերամշակման ոլորտներում:

Նոյեմբերի 20-ից պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն մշտական հանձնաժողովներում:

Նույն շարքից