Քաղաքականություն 

Արցախի պետնախարարը Կալիֆորնիայում հանդիպել է քաղաքական եւ գործարար շրջանակների հետ

analitik.am

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքային այցով գտնվելով ԱՄՆ-ում, նոյեմբերի 22-ին շարունակել է իր հանդիպումները Կալիֆորնիայի քաղաքական եւ գործարար շրջանակների հետ:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Անթոնի Փորթանթինոյի եւ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը եւ ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի եւ Կալիֆորնիայի միջեւ քաղաքական ու տնտեսական փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ, ձեռք բերել պայմանավորվածություն­ներ հետագա քայլերի շուրջ:

Պետնախարարն այնուհետեւ հանդիպել է Հայկական գործարար խորհրդի անդամներին՝ նրանց ներկայացնելով Արցախի տնտեսական ներուժը, ներդրումային գրավչությունն ու վերջին տարիների ձեռքբերումները: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ վերջին 10 տարում Արցախում գրանցվել է տարեկան միջինը 10 տոկոս ՀՆԱ աճ, ինչն ամուր հիմքեր է ստեղծել անհամեմատ ավելի մեծ զարգացում արձանագրելու համար: Արդյունքում, հանրապետությունում աճել է նաեւ ներդրումային գրավչությունը՝ պայմաններ ստեղծելով տնտեսական փոխշահավետ նախագծեր իրագործելու ճանապարհին:

Ա. Հարությունյանը կարեւորել է հատկապես ներկա պայմաններում սփյուռքահայ կապիտալի մասնակցությունն Արցախի զարգացման գործում՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս բարենպաստ միջավայր ապահովել յուրաքանչյուր ներդրումային ծրագրի համար:

Ա. Հարությունյանը հեռուստամարաթոնի նախօրեին նաեւ հարցազրույց է տվել տեղական մի քանի լրատվամիջոցների՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումներին, ռազմաքաղաքական իրադրությանը եւ հարակից այլ հարցերի:

Նույն շարքից