Տնտեսություն 

Լոռիում կներդրվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծախսարդյունավետ ենթահամակարգ

analitik.am

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին: Հիմնավորման համաձայն՝ մարզի 107 համայնքներից ներկայում աղբահանության ծառայություններ մատուցվում են ընդամենը 59 -ում: Ըստ այդմ, մարզում նախատեսվում է ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշներին բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, նվազեցնել և չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական ներգործությունը: Ի պատասխան վարչապետի հարցի՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ բոլոր մարզերում այդ համակարգի ներդրումը նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է ՀՀ Արարատի մարզպետին օրենքով սահմանված կարգով լուծել մարզպետարանի և մի շարք ընկերությունների միջև կնքված պայմանագրերը: Հիմնավորման համաձայն՝ Արարատի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրագործման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակում նախատեսվում էր հիմնանորոգել Ավշար համայնքի մանկապարտեզը: Մինչդեռ պարզվել է, որ մասնաշենքը հնարավոր չէ վերանորոգել և պետք է կառուցել նոր մասնաշենք: Վարչապետը հորդորել է նվազագույնի հասցնել նման դեպքերը. «Որքանո՞վ ենք երաշխավորված, որ նման դեպքեր այլևս չեն լինի: Ինչ-որ աշխատանք ենք անում, գումարներ ծախսում ու հետո պարզում, որ աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է հետազոտել, թե որտեղ է եղել մեր բացթողումը, սխալը»:
Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումներ: ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերած հողամասում նախատեսվում է կառուցել համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետի Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ: Այն կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ: Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել է խնդրի վրա, առաջարկել է հետևել աշխատանքների ընթացքին, որպեսզի նոր շուկան ճարտապետական ճիշտ լուծումներ ունենա:
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքին նվիրաբերած տարածքն էլ կվերանորոգվի, որտեղ կտեղակայվեն համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը: Տարածքում նախատեսվում է նաև հիմնել երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) և կառուցել մանկական խաղահրապարակ:

Նույն շարքից