Քաղաքականություն 

Ամերիկացի փորձագետները ՀՀ -ին կաջակցեն հակահրդեհային միջոցառումների պլանավորման և մշակման գործում

analitik.am

Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը:

Թիմի՝ Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման, անտառային հրդեհների կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագիտական ուսումնասիրության իրականացման մեխանիզմները, ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նախանշեց փորձագիտական աշխատանքից ակնկալվող առաջնահերթությունները. մասնավորապես՝ հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում անտառային տնտեսությունների մոնիթորինգի մեխանիզմները, կանխարգելման աշխատանքների իրականացման արդիական մեթոդները և մեխանիզմները, ինչպես նաև՝ հայկական կողմից ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ լեռնային շրջաններում ցամաքային հրդեհաշիջում իրականացնելու գործում:

 ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթն ընդգծեց հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունը, ինչպես նաև՝ նշեց, որ անտառային հրդեհների դեպքում շատ կարևոր է ցամաքային և օդային հրդեհաշիջման համակցված աշխատանքը:
Հանդիպման ավարտին ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց անտառային հրդեհների դեմ պայքարի մեխանիզմների և մեթոդաբանության մշակման վերաբերյալ:
Նշենք, որ փորձագիտական թիմն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման կարողություններին, իսկ վաղը՝ դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ փորձագիտական թիմն այցելելու է Խոսրովի անտառ՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Նույն շարքից