Քաղաքականություն 

Հայաստանում ամանորյա տոնական օրերը կկրճատվեն

analitik.am

Այսօր կառավարության նիստում գործադիրի հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունիսի 1-ից: Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը։
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Նույն շարքից