Առողջապահություն 

Ինչ անել գրիպից և դրա բարդություններից խուսափելու համար

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին: Եվրոպական տարածաշրջանի երկրներում (42 երկիր) դեռևս պահպանվում է նշված հիվանդությունների հիվանդացության ցածր ակտիվությունը: Հիմնականում արձանագրվում են գրիպի Բ տեսակը և գրիպ Ա տեսակի H1 ենթատեսակը: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակների առումով իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին: Դիտվում է սուր շնչառական վարակների օրինաչափ ընթացք: 2017 թվականի 48–րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակների 2726 դեպք, 2016 թվականի՝ 14639 դեպքի համեմատ (նվազում՝ 5,3 անգամ): Արձանագրված դեպքերի 80%-ը հիմնականում դիտվում է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Հոսպիտալներում հետգրիպային բարդություններով ծանր հիվանդներ չկան:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են ինչպես գրիպի Ա և Բ տեսակները, այնպես էլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագիրպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

- հագնվե´ք եղանակին համապատասխան,

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետևե´ք անձնական հիգիենային:

Նույն շարքից