Գլխավոր Հասարակություն 

Փոխնախարարը արձագանքել է ուսանողների՝ հացադուլը վերսկսելու հայտարարությանը

analitik.am

Այսօր լրագրողների հետ զրույցի ամանակ ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը, խոսելով Հանուն գիտության զարգացման շարժման անդամների հայտարարության մասին, որ վերջիններս դադարեցնում են խորհրդակցություները և վերսկսկում հացադուլը, ասաց, որ կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանության նախարարի մոտ և ուսանողներին հստակ առաջարկ է արվել ներկայացնել առաջարկություններ, որոնց կառավարությունը դեռ սպասում է:

Զաքարյանը նշեց, որ ինքը ևս մի քանի օր առաջ կապվել է ուսանողներից մեկի հետ՝ խնդրելով ներկայացնել առաջարկություններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հստակ սահմանել, թե որ ուսանողներին կարելի կլինի տարկետման իրավունք տալ:

Փոխնախարարի համար տարօրինակ է, որ ուսանողները չեն ցանկանում օգտվել հնարավորությունից:

Զաքարյանի խոսքերով, ուսանողներն ընդամենը երկու առաջարկություն են ներկայացրել, որոնցից մեկը չեն ընդունել, քանի որ այն խաթարում է բանակն ու կրթությունը: Դրա բացատրությունը ստանալուց հետո ուսանողները հասկացել են ամեն ինչ:

Մյուս առաջարկությունը վերաբերել է տարկետման համար որոշակի չափորոշիչներ սահմանելուն, որի մասով պետք է մանրամասն առաջարկություններ լիներ հենց ուսանողների կողմից:

«Սա արդեն կապրիզի է նմանվում: Մենք հստակ ասել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում: Այն նույնիսկ ընդլայնվում է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ գիտական նվաճումներում աչքի ընկնող երիտասարդները ծառայեն այլ պայմաններում՝ մոտ լինելով գիտությանը և շարունակելով գիտական գործունեությունը: Կներեք, բայց ստացվում է, որ մենք գործ ունենք երիտասարդների մի խմբի հետ, ովքեր ցանկանում են շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել: Դա արդար չէ»,-ասաց Զաքարյանը:

 

Նույն շարքից