Գլխավոր Հասարակություն 

Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության համար

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի՝ 1948թ. ծնված Հ.Ազատյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայողի:

Մայիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ և Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինիս մահը հետևանք է նրա նկատմամբ կիրառված բռնության, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Այսպես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ունենալով վարկային պարտավորություններ, պարտքով գումար է խնդրել տարբեր անձանցից, սակայն մերժվել է։ Դեպքի օրը՝ 2017թ.  ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում,  նա նստել է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կայանված, նույն քաղաքի բնակչի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան և պատվիրել մեկնել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն: Արարատի մարզի Նորամարգ և Ռանչպար գյուղերը բաժանող ոռոգման ջրատարի մոտ, բնական կարիքները հոգալու պատրվակով, վարորդին առաջարկել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո միասին դուրս են եկել ավտոմեքենայից, որտեղ պայմանագրային զինծառայողը հարձակվել է վարորդի վրա և ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև, գետնից վերցրել մետաղյա ատամնանիվ և հարվածել գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այնուհետև զինծառայողը վարորդի գրպանից  հափշտակել է առկա գումարը և բջջային հեռախոսը, իսկ դին քաշելով՝ գցել ջրատարի մեջ, որից հետո «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով  և 183-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից