Հասարակություն 

Ես չեմ ուզում, որ մենք խնդրող լինենք, մենք պահանջ ներկայացնող ենք. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

analitik.am

«Բոլորս մեր հեղինակությամբ պետք է բարձրացնենք այս կառույցը»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրված Սաթիկ Սեյրանյանը՝ կոչ անելով բոլորին միանալ, համախմբվել, հասկանալ, թե ինչ է կատարվում:

Տիկին Սեյրանյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է պատրաստվում անել տարիներ շարունակ մեռած համարվող կառույցը վերակենդանացնելու համար, ասաց, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ ռեսուրսներ կան. «Միությունը փայլուն կանոնադրություն ունի, բայց պետք է սկսել ինչ-որ տեղից, իսկ դա անելու համար պետք է հասկանալ, թե ինչ ունենք: Ես կամ որևէ մեկը միայնակ ոչինչ չենք կարող անել»:

Խոսելով կոնկրետ ծրագրերի մասին միության նորընտիր նախագահը նշեց, որ օրինակ պետք է փորձառու լրագրողները անընդհատ մասնագիտական դասընթացներ կազմակերպեն: Նրա խոսքերով, կարել է նաև աշխատել փաստաբանական ընկերությունների հետ, կամ ունենալ իրավաբան, որը կարձագանքի լրագրողների հետ կապված միջադեպերին, քանի որ ճնշումներ, դատական հայցեր են լինում:

Սեյրանյանը խոսեց նաև արժանի լրագրողներին խրախուսելու անհրաժեշտության և լրագրողներին վերապատրաստումների ուղարկելու մասին:

Ինչ վերաբերում է ֆինանսավարմանը, ապա Հայաստանի ժուռնալիսների միության նախագահն ասաց, որ միությունը կարող է նույնիսկ բաժնետոմսեր գնել և դրանք ծառայեցնել կանոնադրական նպատակներին: Բացի դրանից կա գույք, որը վարձակալության է տրվում. «Ես նկատեցի, որ  անդամատոմսերի վրա գրված է «Խնդրում ենք ձեր աջակցությունը»: Ես չեմ ուզում, որ 4-րդ իշխանությունը ներկայացնող այս կարևոր օղակը խնդրողի դերում լինի: Մենք պահանջ ներկայացնող ենք, ազդեցություն ունեցող լծակ ենք: Իսկ հնարավորություններ կան հաստատ»:

Նույն շարքից