Հասարակություն 

Ավտոմեքենայի սրահից գողացել են տեսախցիկ /տեսանյութ/

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից «Նիկոն» մոդելի տեսախցիկը հափշտակած անձի (անձանց) ինքնությունը:

2017թ. նոյեմբերի 13-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն  օրը՝  ժամը 18:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից գաղտնի  հափշտակել է «Նիկոն» մոդելի տեսախցիկը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես են երեք տղամարդ հրում ավտոմեքենան, որի ընթացքում նրանցից մեկը սրահից ինչ-որ իր է վերցնում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան հրող երկու երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից