Ահմադինեժադի «ձերբակալությունը» տապալվեց, հերթը Թուրքիայի հարվածին է ամերիկամետ ուժերին

Ահմադինեժադի «ձերբակալությունը» տապալվեց, հերթը Թուրքիայի հարվածին է ամերիկամետ ուժերին

Թեպետ միջազգային հանրությունը կորցնում է հետաքրքրությունն Իրանում հանդարտվող անկարգությունների նկատմամբ, տարածաշրջանում տեղեկատվական պատերազմի կրակը չի մարում:

Օրերս հայտնել էինք այն մասին, թե ինչպես Միացյալ Թագավորության և Իսրայելի լրատվական հարթակները համագործակցելով կարողացան ամբողջ աշխարհով տարածել կեղծ լուրն Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անկարգություններ հրահրելու մեղադրանքով ձերբակալելու մասին: Մասնագետները հակված են եզրակացնել, որ այդ տեղեկատվական գրոհը միտված էր ստեղծել տպավորություն, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ներիշխանական հակասությունների արդյունք էին և ոչ թե արտաքին ուժերի դավադրություն: Այս վարկածը կոչված էր շեղել ուշադրությունն այն լուրից, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ ԿՀՎ-ին մեղադրեց անկարգություններ նախապատրաստելու մեջ՝ նշելով դավադրության մասնակից անձանց, հանդիպման վայրի, գործողությունների պլանավորված փուլերի և այլ մանրամասների մասին։ Ընդ որում, ուշադրություն շեղելու այս օպերացիան բավականին հաջողված էր, նույնիսկ այն պայմաններում, որ մոտ 18 ժամ հետո Ահմադինեժադի ձերբակալության լուրը հերքվեց: Փաստն այն է, որ Ահմադինեժադի «ձերբակալումը» լուսաբանվեց, իսկ «ԿՀՎ օպերացիան» ոչ:

Սակայն արդեն հաջորդ օրը կեսօրին լրատվական դաշտում հայտնվեց ևս մեկ ուշագրավ «արտահոսք»: Այս անգամ լիբանանյան Al Masdan News գործակալությունը ռուսական «Սպուտնիկ» գործակալությանը հղում տալով հայտնեց, որ թուրքական բանակը պատրաստվում է ռազմական գործողություն իրականացնել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսում: Գործակալության հավաստմամբ, թուրքական բանակի թիրախ են հանդիսանում մասնավորապես Աֆրին շրջանի քրդական ինքնապաշտպանության զորամիավորումները:

Լիբանանից մեզ հասած այս լուրը երկու հետաքրքիր «նյուանս» ունի: Նախ՝ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, իբր թե, պլանավորում է հարձակվել ակնհայտորեն պրոամերիկյան ուժերի վրա, ինչը շատ մեծ անակնկալ չէ. Թուրքիան բազմիցս քրդերի հետ իր ներքաղաքական խնդիրները փորձել է լուծել ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո և միշտ չէ, որ գործողությունները սահմանափակվել են Թուրքիայի տարածքով, երկրորդ՝ զարմանալի է այն փաստը, որ ռուսական «Սպուտնիկ» գործակալության կայքում մենք նման լուր չգտանք և ստիպված ենք գուշակել, թե ինչ նպատակով է Բաշար ալ Ասադին սատարող վերոնշյալ լիբանանյան կայքը տարածում ամերիկամետ ուժերի վրա թուրքական բանակի մոտալուտ հարձակման մասին «արտահոսքը»:

Հեղինակ Արթուր Դանիելյան