Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

ԱԱԾ-ն, 7րդ վարչությունը, ակտիվիստները, Շամշյանը, Քննչականը, Գազի Կարենն ու Կոլյան և ոստիկաններ սպանած մարդկանց արդարացման ծանր գործը

analitik.am

Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած պատահարը ցնցեց հայկական համացանցը: Բուն խնդիրը մահվան մեջ չէր, քանի որ Հայաստանում վերջին տարիներին բավականին լայն են լուսաբանում նման պատահարները, ուստի հասարակությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել նման տեղեկատվական շոկերից: Խնդիրը նույնիսկ իրավապահների մահվան մեջ չէր կայանում. 2016-ի ամռանը երեք անզեն ոստիկանների գնդակահարության փաստը ոչ մի արտառոց արձագանք չստացավ հանրության մեջ:

Բանն այն է, որ կասկածյալը և իր ընտանիքի մի քանի այլ անդամներ մեկ անգամ չէ, որ տխրահռչակ միջադեպերի «հերոս» են դարձել և, որպես կանոն, նրանց հաջողվել է անկորուստ «մարսել» այդ խնդիրները: Հարցը քաղաքական «աստառ» ստացավ, քանի որ պարզվեց՝ պատմության «հերոսները» ոչ միայն անցած տարվա հուլիսին մահացած Արա Վարդանյանի (Ճվճվ Արո) որդիներն են, այլ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի համաբիզնեսատեր Գազի Կոլյա մականվամբ՝ Նիկոլայ Գաբրիելյանի թոռները (լրատվամիջոցները երեկ բացահայտեցին նրանց փայատիրական հարաբերությունները «Ֆլորանս» ռեստորանում և ակնարկեցին ապագա բացահայտումների մասին): Իրավիճակի սրության մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ Քննչական Կոմիտեն անհասկանալի պատճառներով նոր միայն բարեհաճեց հետախուզում հայտարարել կասկածյալի հարազատ եղբոր՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ, ով դեռ սեպտեմբերի 12-ից անցնում էր ևս երկու քրեական գործով։

Աներևակայելի զուգադիպությամբ նույն գիշերը վարչապետի մեկ այլ գործընկեր Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), որոշում է գավառական մի բլոգերի հարցազրույց տալ՝ էականորեն նպաստելով Կարապետյանի առանց այդ էլ բավական քրեականացված երանգների ներքո լուսաբանմանը: Չսպասելով մինչև իր հաջորդ «հեղինակավոր» գործընկերներից մեկի սկանդալի կիզակետում հայտնվելուն, 8-օրյա արձակուրդն անընդունելի ճոխություն համարող, բայց 15 օրով արձակուրդի մեկնած վարչապետը ստիպված հանձնարակականով է հանդես գալիս։ Մինսկի խմբի կամ ՄԱԿ-ի գերագույն ասամբլեյայի կողմից ընդունվող բանաձևերին հետզհետե ավելի ու ավելի նմանվող իր հերթական հանձնարարականով վարչապետը կոչ արեց խիստ պատժել մեղավորներին:

Սակայն այս հանձնարարականի հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ դա ոչ մի տեղ պաշտոնապես չի արձանագրվել, այլ պարզապես հայտնվել է shamshyan.com-ի էջերում՝ պատին դեմ տալով վարչապետի թիմին, քանի որ այդ լուրը չի հերքվի, նույնիսկ, եթե կեղծ է: Փաստացի, եթե մեղավորները ողջ խստությամբ չպատժվեն, կստացվի, որ վարչապետին բանի տեղ դնող չկա: Իրականում, սա վատ միտք չէ, նույնիսկ, եթե կեղծիք է, և այն փաստը, որ դա հայտնվել է հենց Շամշյանի կայքում վկայում է այն մասին, որ Ոստիկանությունը ատամներով պահելու է իր պատիվը: Նմանօրինակ խորամանկություններին դիմելու փաստն իր հերթին վկայում է այն մասին, որ Հայաստանը դեռ շատ հեռու է հանրապետություն կոչվելու իրավունք ունենալուց և աստիճանաբար հաճախակիանում են դեպքերը, երբ այդ իրավունքը նվաճելու ճանապարհին տարբեր կողմերից «գազ» բառն է լսվում։

Արդեն հունվարի 9-ի երեկոյան վարչապետի հանձնարարականի մասին հայտնած բազմաթիվ կայքեր ու ՖԲ օգտատերեր հեռացրել էին իրենց գրությունները: Սա արձանագրեց «Գազ» ընկերակցական համույթի հակագրոհի սկիզբը: Հաջորդ քայլով կազմակերպվեց փողոցների արտաքին հսկողության տեսախցիկներից մեկի ձայնագրության «արտահոսքը»: Սա բարդ չէր, եթե հաշվի առնենք, որ վերոնշյալ հարցերի գծով ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը համատեղության կարգով նաև վարչապետ Կարապետյանի խնամին է։ Փոքր ինչ դժվար էր երրորդ քայլը՝ սոցիալական ցանցերում գտնել ճանաչված օգտատերերի, ովքեր կհամաձայնեին «առաջ տանել» ոստիկանության մեքենայի կողմից խախտում կատարելու թեզը։ Որոշ չափով այդ հարցն էլ լուծվեց, թեպետ ամենուր գտնվեցին ադեկվատ մարդիկ, ովքեր հուշում էին, որ ոստիկանության մեքենաները նախ իրավունք ունեն կարմիր լույսի ժամանակ չկանգնել, բացի այդ, եթե հանդիպակաց մեքենան արագությունը գերազանցում է, ոստիկանության մեքենայի խախտումը չի էլ կարող դեր խաղալ, քանի որ արագության խախտողը զրկվում է վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից։

Հասարակական կարծիքի վրա ազդելու ունակությունը հնարավոր է կրիտիկական գործոն դառնա միջգերատեսչական այս պայքարում, քանի որ թե՛ ՔԿ-ն , թե՛ դատարանները հակված են լինելու հաշվի առնել «ոստիկանության կողմից խախտում կատարելու» մասին առաջ քաշվող թեզի տարածվածությունը: Մինչ օրս «հերոսների» նկատմամբ գրեթե անմարդկային մեծահոգություն ցուցաբերած ՔԿ-ի անաչառությունը, մեղմ ասած, արդեն իսկ հարց է առաջացնում։ Հիշենք, որ հատուկ քննչական մարմնի կատարված «աշխատանքի» արդյունքում Անալիտիկ Կենտրոնի խմբագիր Անի Հովհաննիսյանը՝ հրաժարվելով Վլադիմիր Գասպարյանի դեմ ցուցմունք տալուց մեկ ու կես տարի անցկացրեց բանտում, ապա կարելի է ենթադրել, որ այս գործում նույնպես հետաքրքիր իրադարձություններ կլինեն: Հաշվի առնենք նաև, որ արդեն 21 տարի է, ինչ ՀՀ բարձրագույն դատարանի բարձրագույն դատավորը նույնպես վարչապետի խնամին է, ուստի կարելի է եզրակացնել, որ գործի դատարան հասնելու դեպքում էլ աբսուրդի թատրոնը չի դադարի:

Աբսուրդի թատրոնի երկար ու ձանձրալի եթերաշրջանի ակնկալիքները հաստատվում են նաև այն փաստով, որ «ոստիկանները խախտում են արել» թեզի ներմուծողները սոցցանցերում միշտ առանձնացել են խիստ, նույնիսկ խստագույն ընդդիմադիր հայացքներով: Վերոնշյալ անձանց կենսագրությունների ոչ պակաս ուշագրավ մանրուքները կարող են և ըստ ամենայնի կդառնան մի ամբողջ հոդվածաշարի ոգեշնչման աղբյուր:

Հեղինակ՝ «Անալիտիկ» վերլուծական կենտրոն

Նույն շարքից