Քաղաքականություն 

Կանեմ առավելագույնը Հայաստանի և Դանիայի դռները միմյանց համար բացելու ուղղությամբ. Մեթե Բոկ

analitik.am

Հունվարի 9-ին տեղի ունեցավ Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանի և Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկի հանդիպումը:

Հանդիպման սկզբին դեսպան Արզումանյանը խոսեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հայ-դանիական կապերի զարգացման և խորացման հնարավորությունների ու հայկական կողմի պատրաստակամության մասին: Դեսպանը նշեց Դանիայում հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու, մշակութային համատեղ միջոցառումների անցկացման և մշակութային փոխանակումների իրականացման գործում Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության հետ համագործակցության կարևորությունը:

Նախարար Մեթե Բոկը ներկայացրեց նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստան այցից իր տպավորությունները` հիացմունք հայտնելով երկրի հարուստ պատմության, ավանդությունների և հայ ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված ջանքերի առիթով: Նա հավաստիացրեց, որ կանի առավելագույնը Հայաստանի և Դանիայի դռները միմյանց համար բացելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ մշակույթի նախարարության և ԴԹ մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի տեքստի վերջնական համաձայնեցմանն ու հնարավորին շուտ ստորագրմանը, ինչը խթան կհանդիսանա մշակութային ծրագրերի նախաձեռնման և իրագործման համար:

Նույն շարքից